Զբոսավար Մարիամ Մարգարյանի հրապարակումը Facebook-ի իր էջում.
Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում մի գեղեցիկ, հնաոճ շինություն կա, որի պատին ցուցանակ է փակցված. «Այս տանը 1928 թ. իջևանել է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին»:
1928 թվականի ամռանը անսպասելի լուրը տարածվեց երկրով մեկ. «Գորկին Հայաստան է գալիս»: Հեղափոխության երգիչն ու մրրկահավը, Լենինի ու Ստալինի մտերիմը, սովետների երկրի թիվ մեկ գրողը այցելեց հայերի հողը:
Մի զավեշտալի դրվագ կա կապված Գորկու Ձեթ- օճառի գործարան այցի հետ: Գործարանում նա առանձին ուշադրությամբ էր դիտում մեքենայի ամեն մի շարժումը: Ափի մեջ բռնում էր բամբակի հունտը, գցում ատամի տակ, ծամում, վերցնում էր թեփը, քուսպը, ուշադիր զննում էր ամեն բան: Այդ ժամանակ որոշում են նրան ցուցադրել բանվոր «արձանագործի» կերտած Լենինի օճառե կիսանդրին: Գորկին վերցնում է քանդակը, շուռումուռ է տալիս և հանկարծ ասում է, որ իրեն առավելապես հետաքրքրում է օճառի որակը: Դրա համար էլ պոկում է Լենինից մի փոքրիկ կտոր, թրջում շրթունքներում, ապա սկսում է մատներով տրորել: Մինչ ներկաները ապշած դիտում էին, թե ինչպես էր անարգվում հեղափոխության մեծ առաջնորդը, Գորկին շարունակում է աշխուժորեն բացատրել, թե ուզում էր ընդամենը իմանալ՝ փրփուր տալի՞ս է այդ օճառը, որից իր սիրելի ընկերոջ կիսանդրին էին կերտել:
«Արարատ» գինու գործարանի նկուղներում հիացած հյուրը առատորեն համտեսում է տակառների թունդ պարունակությունը: Ասում են, թե հենց այստեղ էլ նա արտասանել է իր նշանավոր խոսքերը. «Երևի ավելի հեշտ է Արարատ լեռը բարձրանալ, քան բարձրանալ «Արարատի» նկուղից»:
Հենց այդպես՝ գինովցած էլ Գորկին գնաց մասնակցելու մեծ միտինգին, որ կայացավ քաղաքային այգում, շուրջ 10 հազար երևանցիների ներկայությամբ: Փոթորկալից օվացիաներով, խնդության բացականչություններով և համատարած ուրախությամբ դիմավորեցին նրան, Գորկին մի ճառ արտասանեց, որն ըստ էության խորհրդային երկրի ու հեղափոխության գովքն էր: Իսկ երեկոյան նույն այգում նրա համար մեծ համերգ տվեցին: Կոնսերվատորիայի սաները կատարեցին Սպենդիարյանի ստեղծագործություններից, իսկ պարախումբը ցուցադրեց Սասունցիների պարը: Սա անջնջելի տպավորություն թողեց Գորկու վրա: Հետագայում նա այդ տեսարանը պիտի վերհիշեր այսպիսի գույներով. «Տաքացած երգում է դուդուկը, բայց նրա բարձր ձայնը արդեն ականջ ծակող չի թվում, բարձր, բայց փափկորեն չափ է խփում թմբուկը, և այդ երաժշտության ետևում տեսնում ես մեկ ուրիշը՝ մարդկային ճկուն մարմնի զարմանալի գեղեցիկ շարժումների երաժշտությունը, ազատ խաղը վառ հագուստների բազմերանգ ալիքների մեջ: Այն պահերին, երբ բազմագլուխ մարմնի շարժումների սլացիկությունը աճելով փոխվում էր ոսկե և ծիածանագույն փոթորկի, ես սպասում էի, որ պարողների շղթան կկտրվի առանձին օղակների, բայց այդ փոթորկի մեջ էլ նրանք պահպանում էին շարժումների միահամուռ շարժունությունը՝ մեծացնելով և խորացնելով ուժի ու միասնության տպավորությունը: Երբեք ես չէի տեսել և չէի կարող երևակայել այդպիսի կատարյալ միաձուլության պատկեր, շատերի համախմբվածություն մի միասնական գործողության մեջ: Այդ շատ հինավուրց պարի մեջ անտարակույս թաքնված էր ինչ-որ խորհրդանշական բան, բայց ինձ չհաջողվեց պարզել, թե ինչ է դա` քրմերի կրոնական պա՞ր, թե՞ ռազմիկների պար… Անտարակույս, սասունցի հայերի պարը ռազմիկների հաղթական պար է»: