«Այդ գիշերը շատ մութն էր և լուսնյակ չկար տղաներ իրենց մօրմէն կորսուէին մենք մէկմեկու ձեռք կը բռնէինք որ չկորսուէինք մինչև անգամ չէինք կրնար ձայն հանիլ որովհետև սարի վրայ կռիվ էր…կային մայրեր և հայրեր որոնք իրենց տղաներ գետ կը ձգէին որ իրենց համար հանգիստ լինի փախչիլու կային մայրեր և հայրեր որոնք իրենց տղաներ կը թողնէին տաշտին մէջ և կերթային…». Արաքսի Գոնտակչեանց:
«…Բոլորին սպանած էին միայն մնացել էր իմ հօրեղբօր երկու հոգի տղան տաս տարեկան էր աղջիկը 12 տարեկան էր մենք մնացինք դիակների մէջ երեք օր երեք օրից յետոյ երեկոեան դէմ խազախները մեր գիւղով անցավ մեզ դիակների մէջ որ տեսաւ հեծցրին իրանց ձիաները բերին…». Վահան Տէր Թադեւոսեան:
«Իմ հայրս, որ մեռած էր մօրըս եղբօրըս քոյրիկիս հետ ճամբայ ելայք առաջին օր եկանք հասանք Աւանց…Մենք սոված և ծարաւ ընկանք ճամբայն և գիշեր է դաշտը փուշոտ և քարոտ մինչեւ անգամ մեր ոտներ սաղ կտրտուեց և այդ գիշեր լալով ողբալով ճամբայ գնացինք և ես մօրս բէռեր բռնելով այդ գիշեր քարերի մէջ գնում էին անտէր հովիւ պէս…Տղայ մը, որ եզի մեջ որ վրայ նստած էր եզը նրան տարաւ գետի մէջ և եզ նստեց տղան եզի վրայ գնած ըլլալով գետը ընկաւ և գետը նրան տարաւ և մենք մեր ճամբան շարունակեցինք…
…8 օր էլ մնալով Էջմիածի և 8 օրէն վեր ճամբայ ելանք և մի օրից հասանք Երևան մի պաղի մէջ նստանք 3 օր և յետոյ այն տեղ լաւ չէր և մենք այնտեղից դուրս ելանք մի տուն փռնեցին…յետոյ մայրս մեռաւ այն տան մէջը և մենք տասնհինք օր մնացին քացինք առաջնորդարանից թուղթ փերինք և եկանք որբանոց…վերջացնելով իմ կարճ գիրըս և ես երկու երես ու կէս սուացելով ձեզ բան չհասկացրի և յետոյ լաւ չեմ գրեր»: Քարմիլէ Մանուկեան:
Արշավիր, Թովմաս, Գարմիլէ, Վարդան, Յարութիւն, Ռուբէն, Յակոբ, Միքայէլ, Վազգէն, Գուրգէն, Զաւէն, Գրիգոր, (Անանուն), Հայկ, Վեհազն, Օգսէն, Արտաշէս, Մանուէլ, Մեսրոպ, Գրիգորիս, Նուբար, Սիրարբի, Վաղարշակ, Արաքսի, Քարմիլէ, Վահան, Աղասի…
Նրանք՝ Հայոց Ցեղասպանության որբերն են, որ պարտադրված թողել են իրենց չքնաղ հայրենիքը, օրեր շարունակ մաքառել գաղթի դաժան ճանապարհներին՝ անթիվ մահերի ու սարսափների մեջ, կիսամերկ, հյուծված, անօթի, ծնողներին, երկիրն ու հույսը կորցրած…
Վանից, Արճեշից, Ալաշկերտից, Շատախից գաղթած 8-15 տարեկան 27 որբեր, որոնց բացառիկ ձեռագիր վավերագրերը՝ իրենց սերտած մայրենիով, իրենց բարբառների, խոսվածքների լեզվական ատաղձով, իրենց ուսանած ուղղագրությամբ, իրենց յուրացրած կետադրությամբ մարդկությանն են մնացել, ինչպես Հրանտ Մաթևոսյանը կասեր՝ «հայ մշակույթի սրբապատկերի», Վահան Տերյանի գերմարդկային ու ազնիվ ջանքով:
Այո, 1915-ի վերջերին հանճարեղ բանաստեղծը «թողնում» է պոետին ու որպես խորաթափանց գործիչ գալիս է Երևան, ու Ցարսկայա փողոցի որբանոցում ծվարած Հայոց Ցեղասպանության որբերին հանձնարարում է շարադրել արհավիրքի իրենց բաժին ողբերգությունը:
Նրանք շարադրում են, սրբագրում ու մաքրագրում են իրենց հիշողությունները բանաստեղծի խնդրանքով, գուցե նաև՝ ներկայությամբ: Նրանք փորձում են ավելին ասել, փորձում ավելի ճշգրիտ լինել, ավելի անսխալական, որովհետև անկեղծ են իրենց ու աշխարհի հետ. «վերջացնելով իմ կարճ գիրըս և ես երկու երես ու կէս սուացելով ձեզ բան չհասկացրի և յետոյ լաւ չեմ գրեր»:
Թվում է, թե նրանց գրավոր խոսքը գրագիտության խնդիր ունի: Բայց եթե պատկերացնենք, որ այդ երեխաներն իրենց անցածը վավերագրել են ապրած անմարդկային ցնցումներից ընդամենը ամիսներ անց՝ Ցեղասպանության սահմռկեցուցիչ պատկերները դեռևս ունենալով իրենց մտապատկերում, պիտի նկատենք նաև, որ նրանց շարադրանքները չափազանց հարուստ են գրավոր ու հատկապես բանավոր խոսքի մշակույթի առումով, որ նրանց պատկերային մտածողությունը չափազանց բանաստեղծական է:
Իսկ սա վկայում է, որ իրենց կորսված հայրենիքում այս երեխաներն ապրել են տոհմիկ հայկական ընտանիքներում, ավանդական հայկական կենցաղավարությամբ, դաստիարակությամբ, երբ զավակները մասնակցում են տան, օջախի նիստ ու կացին, երբ ծնողները, մեծ հայրերն ու մեծ մայրերը նրանց մեծավարի մասնակից են դարձնում իրենց խոսք ու զրույցին: Վկայում է, որ այս երեխաներն ապրել են աշխատավոր, արարող ընտանիքներում՝ գրով, աղոթքով, ստեղծողի հոգսով, այգի մշակելով, խմոր հունցելով, հաց թխելով, հանդ գնալով ու օջախի ապրումին մասնակից լինելով:
1916-ի հունվար թվակիր այդ շարադրանքներն ուղղակի ձեռագիր դաջվածքներ են, որոնք հայրենազրկված որբերը թողել են իրենցից հետո եկող բոլորի փոխարեն:
Աշխարհի անցուդարձին, հայ ժողովրդի ճակատագրին, տերությունների ու հզորների դավադրություններին, «իր» քաղաքականների մտքին ու կարողություններին քաջատեղյակ պոետը, ըստ էության առաջինը լինելով, բացառիկ մտահղացմամբ և որպես անհերքելիության անքննելի «լեգիտիմություն»՝ Ցեղասպանությունն ապրած երեխաների միջոցով մարդկության, պատմության ու հետագայի համար վավերագրում է Հայոց Ցեղասպանության անուրանալի վկայությունները:
Ավելին, Վահան Տերյանի հանձնարարությամբ՝ արդեն 1916-ի ընթացքում և մինչև տարեվերջ, նրա ծանոթությունն ու մտերմությունը վայելող մարդիկ շրջում են նաև Էջմիածնի, Աշտարակի, Ալեքսանդրապոլի, Թիֆլիսի և այլ որբանոցներում՝ շարունակելու գերզգայուն բանաստեղծի սկսած անգնահատելի կարևորության գործը:
Նախշուն, Սողոմոն, Հայկազ, Արմենակ, Սիրվարդ, Եսթեր…«ռուսական հողերով» ցրված այս որբերի հիշողությունները հավաքագրում է արձակագիր, թարգմանիչ Կարեն Միքայելյանը՝ «Հոշոտված Հայաստան» իր գրվածքում՝ որի յուրաքանչյուր տող ուղղակի կաթվածահար է անում մարդու միտքը:
Արայիկ Մանուկյան
Ամբողջությամբ՝ thearmenians.am