Երևանում առաջին անգամ կցուցադրվի «Մարտիրոս Սարյան» ֆիլմում ստեղծված «Ծաղիկներ» եզակի աշխատանքը՝ ապակու վրա: Ֆիլմի ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի հուշերից և ֆիլմի մասին արձագանքներից կազմված՝ «Սարյանը նկարում է ծաղիկներ» գրքի և «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի տեսասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա Վարպետի ծննդյան օրը՝փետրվարի 28-ին:
«Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմը Լաերտ Վաղարշյանը 1965 թվականին նկարահանել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, տեքստի հեղինակն Իլյա Էրենբուգն է, երաժշտության հեղինակը՝ Վարպետի որդին. Ղազարոս Սարյանը:
«Թանգարանում այս ֆիլմը ցուցադրվում է, և այն շատ են սիրում մեր այցելուները: Անգամ երեխաները կարող են երկար ժամանակ նստել ու կլանված նայել ֆիլմի հատկապես այն հատվածը, որում Սարյանը նկարում է ծաղիկներ՝ ապակու վրա: Շատերին, իհարկե, հետաքրքրում է՝ իսկ որտե՞ղ են այդ «Ծաղիկները»»:
Սարյանի թոռնուհին՝ թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանն ասում է, որ նկարի որոնումների ընթացքում հետքերը տարել են դեպի Ռուսաստան: Պարզվել է, որ Սարյանի՝ ապակու վրա արված եզակի աշխատանքը գտնվում է մոսկվաբնակ կոլեկցիոներ Յուրի Նոսովի անձնական հավաքածուում:
«Մենք խնդրեցինք նրան գոնե մեկ շաբաթով հնարավորություն տալ նկարը ցուցադրելու Երևանում՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Պարզվեց, որ նա ծանոթ չէ ֆիլմին, որի շնորհիվ և ծնվել է այս աշխատանքը: Նոսովը նկարն անձամբ կբերի Երևան, կմասնակցի փետրվարի 28-ին կայանալիք միջոցառմանը, կծանոթանա Սարյանի ապակե «Ծաղիկներ»-ի պատմությանը»:
«Ծաղիկներ»-ի ստեղծման պատմությանն իր հուշերում անդրադարձել է «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի ռեժիսոր Լաերտ Վաղարշյանը.
«Ստեղծագործելու պահին չափազանց դժվար էր «որսալ» կամ ուղղորդել Վարպետին, որովհետև նա չէր սիրում հատուկ դերի մեջ մտնել, ինչ-որ դիրք ընդունել: Ծաղիկները նկարելու պահին ժապավենն ընդհատվեց: Երբ խնդրեցին դադարեցնել աշխատանքը, Սարյանը ուշադրություն անգամ չդարձրեց ու շարունակեց նկարել: Ստեղծագործական հորձանքի մեջ հայտնված Սարյանին այլևս անհնար էր կանգնեցնել»:
Ապակու վրա աշխատելու՝ ռեժիսորի գաղափարը հնարավորություն էր տալիս բացահայտելու Սարյանին՝ ստեղծագործելու պահին, հասկանալու նրա «տեխնիկան». կարմիր, կապույտ, սպիտակ…«մաքուր» գույներով վրձնահարվածներ՝ ակորդներ.. արդյունքում՝ գույների սիմֆոնիա: 85-ամյա Սարյանը չի անում նախնական որևէ էսքիզ: Վրձնով ու ներկով նկարում է հենց ապակու վրա: Թոռնուհու խոսքով, սա եզակի վարպետություն էր պահանջում:
Սոֆյա Սարյանը նաև պատմում է, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկությունը Վարպետին Լաերտ Վաղարշյանն արել է 1963 թվականին՝ Սարյանի կյանքի, թերևս, ամենածանր ժամանակահատվածում:
«Նա նոր էր կորցրել ավագ որդուն, իսկ քննադատները շարունակում էին քարկոծել՝ Սարյանին անվանելով «ֆորմալիստ»: Նա այնպիսի հոգեվիճակում էր, որ անգամ կտրտում էր իր կտավներն ու գորգի նման փռում արվեստանոցում, ասելով, թե ոչ մեկին պետք չեն դրանք: Նման ծանր ճակատագրի արժանացավ նաև «Դիմակներ» կտավը»:
Թոռնուհու խոսքով, Վաղարշյանի ֆիլմի շնորհիվ տեղի ունեցավ Սարյանի վերարժևորումը: Հենց այդ ընթացքում Երևանի նկարիչների տանը կազմակերպվեց Սարյանի անհատական ցուցահանդեսը: Մոսկվայից բերեցին ու առաջին անգամ ցուցադրեցին նրա վաղ շրջանի գործերը, որոնք մինչ այդ մերժվում էին ու պահոցներից դուրս չէին բերվում:
Վարպետին ընկալեց նաև ժողովուրդը, և Սարյանը դարձավ Սարյան: