Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Հակոբ Ա.-ի գործի դատական քննությունը:
Հակոբ Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով այն բանի համար, որ 2016 թվականի հունվարի կեսերից մինչև 2016 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում նա նպաստել է Գ. Ա.-ի, Լ. Մ.-ի կողմից պարբերաբար պոռնկությամբ զբաղվելուն՝ նրանց պարբերաբար կացարան տրամադրելով:
Հակոբ Ա.-ի խափանման միջոցը ստորագրությունն էր չհեռանալու մասին:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Հակոբ Ա.-ն իր կողմից վարձակալված «Դայմոնդ» մերսման սրահում որպես մերսուհիներ՝ աշխատանքի է ընդունել երկու կանանց:
Մերսման սրահում հաճախորդներ ապահովելու նպատակով նա մերսուհիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ հաճախորդների ցանկության դեպքում մերսուհիները սեքսուալ գործողություններ կատարեն: Ստացված գումարը բաժանել են միմյանց միջև՝ Հակոբ Ա.-ն ստացել է գույքային օգուտ:
Դատական քննության արդյունքում մեղադրողը հաստատված է գնահատել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, միջնորդել է նրան մեղավոր ճանաչել ու դատապարտել 3 տարի իրական ազատազրկման:
Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Գեորգի Մելիքյանը, հակառակը, պահանջել է իր պաշտպանյալին արդարացնել ու անպարտ ճանաչել:
Պաշտպանը հարց է բարձրացրել՝ գործի քննության արդյունքում արդյո՞ք հնարավոր է հաստատված համարել, որ մերսուհիները մերսման սրահում աշխատելով՝ զբաղվել են պոռնկությամբ:
Միայն այդ հարցի պատասխանն ունենալուց հետո է հնարավոր պարզել՝ Հակոբ Ա.-ն նպաստե՞լ է նրանց՝ պոռնկությամբ զբաղվելուն:
Վարույթն իրականացնող մարմինը որպես պոռնկությամբ զբաղվելու հանգամանք՝ հաշվի է առել մերսուհիների կողմից սեքսուալ բնույթի գորրծողություններ՝ հատուկ տիպի մերսումներ կատարելը, որոնց արդյունքում հաճախորդները սեքսուալ բավարարություն են ստացել:
Պաշտպանը, սակայն, նշել է, որ պոռնկությունը կարող է դրսևորվել բացառապես վարձատրության դիմաց սեռական հարաբերության առկայության դեպքում…
Հաճախորդի կողմից սեքսուալ հաճույք ու բավարարություն ստանալը արդյո՞ք բավարար է՝ մերսուհիների գործողությունները պոռնկություն համարելու համար:
Պաշտպանը հարցում է կատարել ՀՀ առողջապահության նախարարություն. Հայաստանի Հանրապետությունում որևէ իրավական նորմով կարգավորվո՞ւմ են մերսման տեսակները, դրանց ընթացքում կատարվող մերսման շարժումները, արգելվո՞ւմ է մարմնի որոշակի հատվածներում, օրինակ՝ սեռական օրգանների շրջանում, մերսում կատարելը:
Փաստաբանին նախարարությունից պատասխանել էին, որ օրենքով կարգավորվում է միայն բուժական մերսումը, որը կատարվում է արտոնագիր ունեցող մասնագետի կողմից: Մնացած տեսակի մերսումների, դրանց տեխնիկայի վերաբերյալ հարցերը օրենքով չեն կարգավորվում…
Ըստ գործի տվյալների՝ մերսման սրահի վարձակալ Հակոբ Ա.-ի կողմից մերսուհիներին արգելվել է սեռական հարաբերություններ ունենալ հաճախորդների հետ: Հակառակը հաստատող ապացույցներ գործի քննության ընթացքում ձեռք չեն բերվել:
Ընդհանուր իրավասության դատարանը Հակոբ Ա.-ին մեղավոր չի ճանաչել, այլ կայացրել է արդարացման դատական ակտ՝ հռչակելով Հակոբ Ա.-ի անմեղությունը:
Պետք է ասել, որ այլ մերսման սրահների վարձակալների կողմից մերսուհիների՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով՝ նույն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, արդեն իսկ կան դատապարտված անձինք: Համանման գործերով դատական ակտեր է կայացրել նաև վերաքննիչ դատարանը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանների մեղադրական դատավճիռները: Օրենքի միատեսակ կիրառության խնդի՞ր կա համանման գործերով: Մերսման սրահի մի երիտասարդ վարձակալի՝ նույն հանգամանքներով ու նույն մեղադրանքով գործով նույնիսկ կալանքի տակ առան դատավճռի հրապարակումից անմիջապես հետո՝ հենց դատարանի դահլիճում: Նա դատապարտվել է իրական ազատազրկման: Այդ դատավճիռը վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ…