Նոր BMW X4՝ զարմացնելու արվեստ (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նոր BMW X4՝ զարմացնելու արվեստ

Բավարական ընկերությունը Ժնևի միջազգային ավտոսրահին ընդառաջ հրապարակել է նոր սերնդի BMW X4 ամենագնացի սերիական տարբերակի լուսանկարները, որոնք թույլ  են տալիս հասկանալ, թե ինչով  է երկրորդ սերնդի «չորսը» տարբերվում իր ավագ եղբորից:

Առաջին հայացքից էլ երևում է, որ նոր X4-ն ավելի մեծ ու տարողունակ է: Որոշակի փոփոխության է ենթարկվել ավտոմեքենայի հետնամասը: Դիզայներները փորձել են մեծացնել երկրորդ շարքի նստատեղերի հատվածում գլխավերևի տարածությունը՝ միևնույն ժամանակ պահպանելով մոդելի կուպեատիպ արտաքինը: Սրա հետևանքով որոշ տեսանկյուններից ավտոմեքենայի վրա փոքրիկ «սապատ» է երևում: Չնայած, մեր կարծիքով, դա առանձնակի չի ազդում ավտոմեքենայից ստացվող ընդհանուր բարձր գեղագիտական տպավորության վրա:

Ինչ վերաբերում է թվերին, ապա նոր BMW X4-ի երկարությունը կազմում է 4752 մմ (+81 մմ նախորդի հետ համեմատ), իսկ անվային բազան՝ 2864 մմ (+54 մմ): Մեծացել է նաև բեռնախցիկը, որն այժմ տեղավորում է 525-ից մինչև 1430 լ, իսկ դռան էլեկտրական կառավարումը հանդիսանում է ստանդարտ համալրում:

Ինտերիերի տեսանկյունից X4-ը գրեթե նման է X3-ին: Այն ներառում է վերջին սերնդի iDrive համակարգը, սարքավորումների թվային վահանակը, գունավոր պրոյեկցիոն դիսփլեյը, զանազան ֆունկցիաների ձայնային և ժեստային կառավարումն ու պրեմիում կարգի ավտոմեքենաներին բնորոշ բազում այլ տեխնոլոգիական լուծումներ: Ներկայիս պահին BMW-ն նոր X4-ի համար առաջարկում է յոթ տիպի տարբեր շարժիչներ՝ xDrive20i (184 ձ.ուժ), xDrive30i (252 ձ.ուժ), M40i (360 ձ.ուժ), xDrive20d (190 ձ.ուժ), xDrive25d (231 ձ.ուժ), xDrive30d (265 ձ.ուժ) և M40d (326 ձ.ուժ): Դրանք բոլորն էլ սարքավորվում են  8-աստիճան Steptronic ավտոմատ փոխանցումատուփով:

autoplus.am