Մամուխը, մամխենին վարդազգիներին պատկանող փշոտ թուփ է, որի լատիներեն անվանումն է prunus spinosa: Անգլերենում այն անվանվում է blackthorn և sloe, ռուսերենում՝ терень:
Այն աճում է տարբեր մայրցամաքներում: Հայաստանում մամուխ հիմնականում և գրեթե համատարած աճում է Տավուշի մարզում: Իսպանիայում՝ բասկերի երկրում, մամուխից պատրաստում են նշանավոր պաչարան անունը կրող լիկյորը:
Հայաստանում աճող մրգերից ունի վեգետացիոն ամենաերկար շրջանը: Մամխենին ծաղկում է գարնանը, պտղակալում հուլիս-օգոստոսին, հասնում՝ նոյեմբերից հետո: Եթե ձմեռը խիստ չէ, մամուխը թփերի վրա մնում է մինչև փետրվար:
Այս տարի, օրինակ, քանի որ ձմեռ գրեթե չունեցանք, ես Տավուշի մարզի սահմանային Դովեղ գյուղում մամուխ հավաքել եմ մինչև փետրվարի սկիզբը:
Մամուխը մուգ գույնի է, թթվաքաղցր, տտիպ համով։ Այն հաճելի է ուտել ամենահասուն շրջանում, հատկապես առաջին ձյունը գալուց հետո:
Այս տարի հավաքել կամ Դովեղի իմ համագյուցիներից գնել եմ մոտ 2.5 տոննա մամուխ, որից ստացել եմ 50 լիտր մաքուր օղի:
Այսօր հավանաբար միակ հայն եմ, ով մամուխից օղի է թորում: Օղին թորում եմ ավանդական եղանակով՝ երկու քաշով:
Ժամանակին՝ 30-40 տարի և ավելի առաջ, մեր գյուղացիները ավելի աշխատասեր էին և բնության բարիքներից ավելի շատ էին օգտվում: Վերջին տարիներին մամուխի ամբողջ բերքը ուղղակի թափվում և փտում էր թփերի տակ:
Դժվար է գտնել մեկ այլ միրգ կամ հատապտուղ, որից այնքան քիչ օղի է դուրս գալիս, որքան մամուխից: Միջինը 50-60 կիլոգրամ բերքից ստացվում է ընդամենը 1 լիտր մաքուր օղի: Այսպիսով, 1 լիտր մաքուր մամուխի օղու ինքնարժեքը շուրջ 7 հազար դրամ է: Նաև այդ պատճառով է, որ գյուղացիները չեն հավաքում մամուխը:
Մյուս կողմից, եթե լինեն գնորդներ, ապա գյուղացիները կհավաքեն մամուխի բերքը:
Թեև մամուխի օղին դեռ Հայաստանում հայտնի չէ, սակայն, որպես մաքուր օղի թորող, կարող եմ վստահեցնել, որ այն իր համային և որակական հատկանիշներով չի զիջում ո՛չ հոնի և ո՛չ էլ վայրի տանձի օղիներին:
Այս տարի որոշել եմ հավաքել կամ գնել մեր գյուղում աճող մամուխի ամբողջ բերքը և օղի թորել:
Իմ խիստ մոտավոր հաշվարկներով՝ Դովեղում ամեն տարի հնարավոր է հավաքել ավելի քան 50 տոննա մամուխ:
Մամուխի պտուղները պարունակում են ոչ ավել, քան 9 տոկոս շաքար: Այն հարուստ է C, B1, B2, PP, E վիտամիններով, քիմիական տարրերից՝ նատրիումով, կալիումով, կալցիումով, մագնեզիումով, ֆոսֆորով, երկաթով։
Մամուխի բժշկության մեջ օգտագործվել է Հին Հռոմում և Հին Հունաստանում: Այն լայնորեն օգտագործվում է նաև այսօր:
Հայաստանում մամուխից պատրաստում են մուրաբա և կոմպոտ:
Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի
Հ. Գ. Այս տարի համագյուղացիներից 1 կիլոգրամ մամուխը գնել եմ 100 դրամով: 1 լիտր մամուխի օղին վաճառում եմ 10 հազար դրամով: