Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակ է ստացել հայտնի ռոք երգիչ և երգահան, 60-ականների ըմբոստ երիտասարդության առաջատար երաժիշտ՝ Բոբ Դիլանը: Համացանցը ողողված է մեկնաբանություններով, քննադատական խոսքերով:
Ստորև ներկայացնում ենք մեր հայրոնակից, կինոգետ և թարգմանիչ Զավեն Բոյաջյանի՝ իր Facebook-յան էջի գրառումը.
«Ի պատասխան նրանց, ովքեր հարցնում են կարծիքս Բոբ Դիլանին Նոբելյան մրցանակ շնորհելու մասին:
Ես, իհարկե, ինձ Նոբելյան մրցանակի գիտակ չեմ համարում, ոչ էլ մրցանակներին եմ առանձնապես լուրջ վերաբերվում, բայց կարծիք ունեմ:
Շվեդական ակադեմիան ամենից հաճախ ձգտում է յուրօրինակ երևալ կամ առնվազն ակադեմիական փոշուց զերծ: Իսկ ավելի լուրջ, փորձում է ոչ միայն իր մրցանակով պարզապես վավերացնել արժանավոր գրողների վաստակը (որ ինքնին ձանձրալի զբաղմունք է), այլև իր պարտքը կամ առաքելությունն է համարում ուշադրություն հրավիրել այն գրողների վրա, որոնք հնչեղ, տարածված անունների ու մեյնսթրիմի ստվերում կամ լուսանցքում են մնացել (այսինքն՝ չի ուզում ակադեմիական տաղտուկով բավարարվել): Ինչ խոսք. մրցանակի շնորհման պատմության մեջ կոնյունկտուրային տուրք տալու պահեր էլ են եղել, բայց շատ չխորանանք: Դիլանի մրցակիցների ցանկում ականավոր գրողներ կային (հարկավ Մուրակամիին նկատի չունեմ, թեև երևելի շատ գրողներ կնախանձեն նրա ընթերցողների քանակին), որոնք իսկապես Նոբելյան ստանալու արժանի են: Նրանց ֆոնին նախապատվությունը Դիլանին տալը կարող է անարդարության նման մի բան ընկալվել: Բայց Շվեդական ակադեմիայի որոշումն ինձ համար հետաքրքիր է այն առումով, որ գրականության մեջ արժևորում է մի մարդու, որն ավելի շատ հայտնի է որպես երգիչ-երգահան, և այս կերպ մատնացույց է արվում, որ երգի տեքստն էլ կարող է առաջնակարգ կամ բարձրարժեք պոեզիա լինել և ըստ էության, երգի տեքստը հենց էդպես էլ պիտի լինի, ոչ թե ինչ-որ տրաֆարետային ու ծեծված բառակույտեր, որոնցով սովորաբար ողողված է շուկան: Մի խոսքով. երգի տեքստն էլ պիտի գրականություն լինի և է՛. ես Շվեդական ակադեմիայի որոշման մեջ էս մեսիջն եմ տեսնում առաջին հերթին:
Շատ երկար ստացվեց, բայց աշխատեցի կարճ կապել»: