Հյուրընկալությունը հայ ժողովրդի բնավորության առանձնահատուկ գծերից է, որից զերծ չեն նաև մեր մեծերը։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը վերհիշում է մեծն մարշալ Բաղրամյանի տանն արված մի լուսանկարի բարի պատմությունը։
Մոսկովյան լավ կահավորված բնակարան։ Հեռախոսը զանգում է։
– Այո, լսում եմ։
Խոսափողի մյուս կողմից ներկայանում են. «Պարոն Բաղրամյան, ձեր հայրենակիցներից են։ Հիմա Մոսկվայում ենք ու շատ ենք ուզում ձեզ տեսնել։ Կարելի՞ է»։
– Եկեք,- պատասխանում է մարշալ Բաղրամյանը։
Գործողության ժամանակը` նախորդ դար, յոթանասունականների կեսերը։
Գործողության վայրը` քաղաք Մոսկվա։
Գործող անձինք` Միխայիլ և Ասյա Խանոյաններ` ամուսին և կին։
Զանգի պատճառը` երազում էին ծանոթանալ հայերի ամենասիրած հայի հետ։
Շարունակությունը փոխանցում եմ Խանոյանների դստեր` Անուշի խոսքից։ «Ցրտաշունչ Մոսկվայում շատ դժվար էր կենդանի ծաղիկներ գնել, սակայն ծնողներիս հաջողվել էր. ծաղկեփունջը ձեռքերին նրանք հյուր գնացին»։
Հարցնում եմ.
– Իսկ ծնվողներդ ո՞րտեղից էին գտել մարշալի հեռախոսահամարն ու հասցեն։
– Համարը հեռախոսագրքից էին գտել, իսկ հասցեն հենց ինքը` Բաղրամյանն էր թելադրել։
Հետո եղան առաջին ողջույնները նախասենյակում, ծաղիկները միանգամից շքեղ ծաղկամանի մեջ հայտնվեցին ու գեղեցիկ տեսք ստացան։ Ոտքի վրա առաջին խոսքերն են փոխանակում, հետո հյուրասենյակ են մտնում, ու մարշալը հարցնում է։
– Բայց ամեն դեպքում, ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։
Հովհաննես Բաղրամյանն ու Խանոյան ամուսինները
– Շնորհակալություն, ոչ մի բանով։ Մենք պարզապես ձեզ շատ ենք սիրում, եկել ենք ծանոթանալու ու մեր հարգանքը հայտնելու։ Այսքանը,- ժպտում են հյուրերը։
– Դե, ուրեմն, միանգամից գործի անցնենք,- մարշալն ավելի լայն է ժպտում ու ամուսիններին հրավիրում սեղանի մոտ։
Իսկ հիմա ուշադիր նայեք ճաշից հետո արված լուսանկարին, որում ամեն ինչ ոչ թե լավ, այլ շատ լավ է։ Միշա ու Ասյա Խանոյաններն ուրախ են, որ կարողացան իրենց ուզածն իրականացնել ու մոտիկից շփվել Բաղրամյանի հետ, իսկ մարշալը` որ ևս երկու հիանալի հայի հանդիպեց։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am