Դերասանուհի Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք ունի, որտեղ ներկայացել է ոճային կտրուկ փոփոխությամբ։ Դերասանուհին լուսանկարներն առաջինը տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել, որ լսարանին նորովի ներկայանալու ցանկություն վաղուց ուներ, այդ իսկ պատճառով որոշել է այնպես փոխվել, որ բոլորը զարմանան իր նոր ֆոտոշարքից։
«Ոճային, կերպարային կտրուկ փոփոխություն անելու, հանդիսատեսին, ինչու ոչ, նաև ռեժիսորներին, սցենարիստներին նորովի ներկայանալու ցանկություն ունեի։ Ուզում էի ցույց տալ, որ ես կարող եմ լինել շատ տարբեր կերպարներում և Վահե Ստեպին առաջարկեցի տարբերվող ֆոտոշարք անել։ Հագուստի, վարսահարդարման, դիմահարդարման, աքսեսուարների ոճի ընտրության հարցում ամբողջությամբ վստահեցի Վահեին»,- պատմեց Լիան ու հավելեց, որ վերջնական արդյունքն իրեն շատ է դուր եկել։
Դերասանուհին խոստովանեց, որ, սովորաբար, դժվարությամբ է որևէ փոփոխության գնում, սակայն Վահեի հանդեպ վստահությունն ու ստանդարտից դուրս ներկայանալու մեծ ցանկությունն իրեն ստիպել են ֆոտոշարքն անել առանց «ոչ»-երի։
«Շատ բան առաջին անգամ էի փորձում։ Մազափնջով երբեք չեմ սիրել ինձ, սակայն ռետրո ոճում ու այս ֆոտոշարքում այն ինձ դուր եկավ։ Երբեք չեմ փորձել նաև թաց մազերով լուսանկարվել, քանի որ դիմագծերս խոշոր են, ինձ միշտ թվացել է, թե գեղեցիկ չի ստացվի, սակայն այդ առումով էլ կոտրեցի իմ իսկ ստեղծած կարծրատիպը»,- ասաց Լիան։
Լիան ներկայացել է 3 կերպարով։ Նկարահանումներն իրականացվել են Երևանից դուրս։
Թեև դերասանուհին որոշել է անճանաչելիության աստիճան փոխվել նոր ֆոտոշարքի համար, վստահեցնում է, որ փոփոխությունն արվել է առանց ավելորդ միջամտությունների և ֆոտոշոփի գերակատարման։ «Ֆիլտրեր արված չեն, դեմքս ֆոտոշոփով հարթեցված չէ։ Իհարկե, գունային շտկումներ արվել են, սակայն, հնարավորինս, պահպանել ենք բնականությունը։ Քանի որ ֆոտոշարքի նպատակը պորտֆոլիո ունենալն էր, ոչ թե որպես մոդել ներկայանալը, չէինք կարող շատ ֆոտոշոփ անել։ Դա այլևս ես չէի լինի, իսկ ես ուզում էի ինձ ցույց տալ ինձ` որպես դերասանուհի»,- ընդգծեց նա։