Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Հայրենիքի փրկության կոմիտեի (1921 թ. փետրվարի 18-ապրիլի 2) և քեմալականների հետ հարաբերությունների մասին երրորդ գրությունը, որի հեղինակը Կոմիտեի ղեկավար, Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն է: Այս նյութը տեղ է գտել Վրացյանի «ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆԵՐՈՎ. դեպքեր, դեմքեր, ապրումներ» վեցհատորյակի Զ հատորում (Բեյրութ, 1967, տպագրություն Համազգային) «Դ. Թրքական Հարցը» (էջ 55-71) խորագրի տակ:
Ինձ առանձնապես զարմացրեց, որ վերջում Ղամարլուի ճակատի հրամանատար, մշեցի խմբապետ Սմբատը ինձ և Քաջազնունուն առաջարկեց թուրքերից օգնություն խնդրել:
Այս պայմաններում էր և այս մտահոգությունների հետևանքով մարտի 18-ին ես արեցի հետևյալ դիմումը Անկարա.
«Թուրքերի Ազգային Մեծ ժողովի կառավարության Արևելյան ճակատի հրամանատարության ներկայացուցիչ Բեհաեդդինին,
Հաճեցեք ներկա դիմումը շտապ կերպով հասցնել Ձեր բարձր իշխանության և, ինչպես անձամբ բացատրել եմ Ձեզ, շտապեցնել, որ շուտափույթ պատասխան ստացվի:
Իր ազատության և անկախության համար մարտնչող Հայաստանի կռիվը բոլշևիկների դեմ, մեր համոզումով, ծառայում է ոչ միայն Հայաստանի, այլ Առաջավոր Ասիայի բոլոր ազգերի օգտին: Այդ պատճառով, Հայաստանը հույս ունի, որ իր կռվի ընթացքում ինքը կստանա օգնություն իր հարևաններից և, առաջին հերթին, տաճիկ [թուրք – խմբ. ԱՆԻ-ի] ժողովրդի կենսական շահն էլ պահանջում է Հայաստանի հաղթական դուրս գալը այս կռվից և անկախ մնալ:
Այդ համոզումից ելնելով՝ Հայաստանի կառավարությունը խնդրում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը, հանուն երկու ազգերի փոխադարձ շահի, ըստ կարելվույն շուտ.
1. Վերադարձնել Երևանի ռազմաճակատում գտնվող հայ զնվորական գերիներին,
2. Տալ որոշ պայմաններով հայ բանակին ռազմամթերք, առաջին հերթին ռուսական երեք գծանի հրացանի կամ տաճկական [թուրքական – խմբ. ԱՆԻ-ի] մաուզերի փամփուշտներ և կամ Ռոսի և Լեբելի սիստեմի հրացաններ,
3. Հաղորդել մեզ, թե արդյոք Ազգային մեծ ժողովի կառավարությունը հնարավոր գտնո՞ւմ է հասցնել Հայաստանին զինվորական օժանդակություն և, եթե կարող է, ի՞նչ չափով ու եղանակով և ի՞նչ ժամանակամիջոցով:
Ամբողջությամբ՝ aniarc.am