Մի անգամ, երբ Շահ–Աբբասը անցնելիս է լինում, մի հարբած հայ մոտենալով՝ բռնում է նրա նժույգի սանձից ու ասում.
— Քանիսո՞վ ես վաճառում այս ձին, ես առնել եմ ուզում։
Շահ–Աբբասը հրամայում է ծառաներին նրան տուն տանել և հաջորդ օրը բերել իր մոտ։ Ծառաները հային տանում են տուն։ Սթափվելով հարբածությունից, նա իրազեկ է դառնում եղելությանը ու ահը սրտում՝ մնում տարակուսած։ Կինը նրան խրատում է Շահ–Աբբասի մոտ գնալիս հետը գինի վերցնել և սովորեցնում է, թե ինչ պիտի ասի: Ծառաները տանում են նրան արքայի մոտ։
— Քանիսո՞վ ես ուզում գնել իմ ձին,— հարցնում է Շահ–Աբբասը։
Հայը հանում է գինին, դնում թագավորի առջև ու ասում.
— Տե՛ր իմ, սա է նժույգդ գնողը, ձերդ վեհափառությունը վաճառողն է, իսկ ես լոկ միջնորդ եմ այդ առևտրի մեջ։ Դուք միասին վերջնականապես որոշեցեք ձիու գինը և եթե միջնորդիս էլ մի բան նվիրեք, այն էլ ձեր բարեշնորհությունը կլինի:
Շահ–Աբբասը, հավանելով հայի պատասխանը, պարգևատրում է նրան ու ազատ արձակում։