Մայրաքաղաքում 2018 թվականի ընթացքում մի շարք փառատոններ կանցկացվեն: Լրագրողների հետ հանդիմնանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն ասաց, այս տարի «Համով-հոտով Երևան» փառատոնը կանցկացվի հունիսի 10-ին:
Սեպտեմբերին նախատեսվում է «Գյուղական բարիքների փառատոնը»:
«Քանի որ տարին մայրաքաղաքի համար հոբելյանական է, այս տարի Երևանում են անցկացվելու մայիսին կայանալիք Սարդարապատի և Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները, ինչպես նաև աշնանը կայանալիք Էրեբունի-Երևան տոնակատարությունը»,- ասաց նա:
Օրբելյանի խոսքով` ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ զբոսաշրջիկների համար ֆրանսալեզու քարտեզներ կտպագրվեն:
«Փառատոնները, որոնք անցկացվում են մայրաքաղաքում, վայելում են ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների ուշադրությունը:
Դրանք տարեցտարի ավելի մարդաշատ են դառնում:Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետն ասաց, որ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային առաջարկի շրջանակում 2017 թ. մշակվել և իրականացվել է նաև «Գիշերային Երևան» երթուղին, որը ինչպես մեր համաքաղաքացիներին, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերին հնարավորություն է ընձեռել Երևանի տեսարժան վայրերում շրջել նաև երեկոյան ժամերին: «Տարեցտարի մեծանում է այս ավտոբուսից օգտվող զբոսաշրջիկների թիվը»,- հավելեց նա: