ամազասպ Հարությունյանը Խորհրդային Միության դիվանագիտական պատմության առանցքային դեմքերից է, միակ հայը, որ Ստալինի հետ մասնակցել է Պոտսդամի խաղաղության պատմական գագաթնաժողովին:
Ականավոր դիվանագետը ծնվել է 1902 թ., Բաքվում: Նրա ծնողները բնիկ արցախցի էին: Պատանեկան հասակից մասնակցել է հեղափոխական շարժումներին, ընդունվել բոլշևիկյան կուսակցություն: Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո տեղափոխվել է Թիֆլիս, պատասխանատու պաշտոններ զբաղեցրել կուսակցական կազմակերպություններում: 1922 թ. Հայաստանի նորաստեղծ կառավարության նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով ժամանել է Երևան և նշանակվել կոմերիտմիության Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, ընտրվել բյուրոյի անդամ: Այնուհետև Մյասնիկյանի խորհրդով ու երաշխավորությամբ մեկնել է Մոսկվա, ընդունվել Մոսկվայի պետհամալսարանի միջազգային բաժին, ապա լուսավորության նախարարության որոշմամբ ընդունվել ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարան՝ ստանալով տնտեսագիտության դոկտորի աստիճան:
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, որի համար Համազասպ Հարությունյանը դիվանագետի իդեալ է, ծավալուն հոդվածաշար է գրել նրա մասին, որտեղ չափազանց ուշագրավ մի դրվագ կա. «1943 թ. հունվարյան մի ցուրտ երեկո՝ ուշ ժամին, հնչում է Հարությունյանների տան հեռախոսը: Լարի մյուս ծայրից հայտնում են, որ նրա հետ կխոսի արտգործնախարար Վյաչեսլավ Մոլոտովը: Խոսակցությունը կարճ էր. Մոլոտովը նրան հրավիրում էր «կարևոր հարցի շուրջ» զրույցի: Հաջորդ օրը նախարարն առանց առաջաբանի ասում է. «Համո՛ Ակիմովիչ (ռուսները գտել էին նրան դիմելու այդ դյուրին ձևը), նկատի ունենալով Ձեր գիտական և հասարակական աշխատանքի մեծ փորձը, օտար լեզուների իմացությունը՝ նպատակահարմար է դիտվում քննարկել Ձեր արտգործնախարարություն տեղափոխվելու հարցը»: Այնուհետև Մոլոտովը հայտնում է, որ հակահիտլերյան կոալիցիայի պետությունները բանակցում են մի շարք քաղաքական և տնտեսական սուր հարցերի շուրջ, որոնք երկրագունդը կժառանգի պատերազմի պատճառով. «Խոսքը վերաբերում է պատերազմի հետևանքով երկրների քայքայված արդյունաբերության և գյուղատնտեսության վերականգնմանը, պարենային խնդիրներին, խաղաղության պայմանագրերի կնքմանը: Խորհրդային Միության դերն այստեղ որոշիչ է լինելու: Այդ քաղաքականության իրականացումը դրվում է արտգործնախարարության վրա, և Ձեզ` որպես ճանաչված տնտեսագետ-ամերիկագետի, վստահվում է լինել այդ գործընթացը ղեկավարողներից մեկը»:
Ամբողջությամբ՝ ankakh.com