Բաղրամյան և Մոսկովյան փողոցների հատույթից դեպի Սարյան փողոց անցնելիս հնարավոր չէ չնկատել այս յուրօրինակ և գեղեցիկ կառույցը: Այստեղ, Մոսկովյան 22 հասցեում է տեղակայված նախկինում «Գիտնականի տուն» կոչվող սյունազարդ եռահարկ շենքը: Տասնամյակներ շարունակ այն գտնվում է լքված և անխնամ վիճակում, և ահա վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ շենքը գնել է «Comedy Club Production»-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը: Ներկայումս այստեղ շինարարական աշխատանքներ սկսելու մասին պաստառ է փակցվել:
Ինչպես տեղեկացրել է News.am կայքին Արթուր Ջանիբեկյանը, շինությանը կից կիսախարխուլ, անպիտան կիսակառույցներ կան, որոնք քանդելու և տարածքը բարեկարգելու թույլտվություն իրենք ստացել են Երևանի քաղաքապետարանից: Ջանիբեկյանի խոսքով՝ տարիներ շարունակ անուշադրության մատնված և անմխիթար վիճակում գտնվող շենքը իրենց կողմից ձեռք է բերվել պահպանելու և վերջնական ոչնչացումից փրկելու համար: Նա համոզված է, որ այս շենքը պետք է դառնա պատմական արժեք հանդիսացող և Երևանի դիմագիծն ամբողջական դարձնող մյուս հին շինությունների պահպանման դրական օրինակ: Արթուր Ջանիբեկյանը նշել է նաև, որ համապատասխան որոշումից հետո հանրությունը կիրազեկվի շենքի նորոգման նպատակների և ապագա կիրառելիության մասին:
1950-ականներին կլասիցիզմի ոճով կառուցված «Գիտնականի տունը» ժամանակին պատկանել է Գիտությունների ազգային ակադեմիային։ Սկզբում այստեղ գործել է Արմենակ Մնջոյանի հիմնադրված լաբորատորիան, որի հիման վրա ստեղծվել է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը։ 1962-1981 թվականներին շենքում գործել է Քիմիական ֆիզիկայի լաբորատորիան, որը 1975-ից դարձել է առանձին գիտահետազոտական ինստիտուտ։ 1981-ին Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համար կառուցվեց նոր շենքը, և ինստիտուտը տեղափոխվեց։ Այնուհետև շենքը հանձնվեց Գիտությունների ազգային ակադեմիայի կիրառական պրոբլեմների ինստիտուտին։ 1983-ին ինստիտուտի մի մասը տեղափոխվեց այլ շենք, մյուս մասն էլ մնաց տեղում։ Ինստիտուտին կից այստեղ գործել է նաև փորձարարական փոքր արտադրամաս, որն աշխատել է մինչև 1992-ը։
Հանրաճանաչ ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը ծրագրում էր այս շենքը դարձնել գիտնականի տուն, որտեղ պետք է հավաքվեին գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից, անցկացվեին գիտաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ, և 1981-ին շենքի մուտքի մոտ փակցվեց «Գիտնականի տուն» գրությամբ ցուցանակը։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո շենքն օտարվեց և հանձնվեց մեր երկրում Հունաստանի նորաստեղծ դեսպանությանը: Սակայն հունական կողմը ոչ մի աշխատանքներ այստեղ այդպես էլ չիրականացրեց, և հիմա, փաստորեն, արդեն հաստատվել է, որ շենքը նոր սեփականատեր ունի:
Դե ինչ, սպասենք այս գեղեցիկ շենքի բարեկարգման վերջնական արդյունքներին, մանավանդ, որ սեփականատերը հաստատում է՝ շենքի արտաքին տեսքն ու ճարտարապետությունը փոփոխության չեն ենթարկվելու: Այդ առումով հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում վերջերս մի քանի պատմական շինությունների իրականացված այսպես կոչված «վերանորոգումների» արդյունքում՝ հին շենքերի ֆասադները ընդամենը դաջվել են տեղում կառուցված բարձրահարկերի մեջ: