«Համլետ», «Խաղամոլը», «Մոռանալ Հերոստրատին», «Աստվածների կանչը» և այլ ներկայացումներում տարիներ շարունակ իր անզուգական խաղով փայլած նշանավոր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանն այսօր կդառնար 80 տարեկան:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դերասանի խաղընկեր, ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանն ասաց, որ Վլադիմիր Մսրյանին հիշելիս ակամայից ժպտում է, տեղափոխվում ոչ այնքան հեռավոր և լուսավոր ժամանակներ, երբ նա դեռ կենդանի էր, իրենց հետ էր, և դերասանները վայելում էին նրա անսովոր, հետաքրքիր մարդկային տեսակը:
«Մսրյանն իմ ուսուցիչներից էր, մարդ, ով սեր ու հարգանք է սերմանել առ արվեստը, բեմարվեստը: Նա հորդորում էր կյանքում լինել շատ պարզ, բնական: Ըստ Մսրյանի` կյանքի և բեմի միջև սահմանագիծը պետք է հստակ լինի. բեմից կյանք և հակառակը ոչինչ պետք չէ տեղափոխել: Նա հաճախ էր շեշտում, որ բեմում պետք է միշտ գաղտնիք լինի, չբացահայտված ինչ-որ բան: Իսկ կյանքում պետք է զերծ լինել կեղծիքից»,-ասաց Ղամբարյանը:
Լուիզա Ղամբարյանը հաճախ է շրջագայել մեծ դերասանի հետ, եղել ԱՄՆ-ում, Իրանում և այլ երկրներում: Նա պատմեց, որ հյուրախաղերին ներկայացումներից հետո, երբ դերասանական կազմով զրուցում էին տարբեր հարցերի շուրջ, երեխայի պես աշխույժ Մսրյանն ամենակրտսեր դերասանի հետ անգամ կարողանում էր ինքնատիպ ձևով կատակել:
«Հաճախ գալիս է մի տարիք, երբ ստեղծագործող մարդը ցույց է տալիս այն ամբողջը, ինչ կուտակել է տարիների ընթացքում, իսկ Վլադիմիր Մսրյանը երբեք կանգ չէր առնում, միշտ նոր գաղափարներով էր հանդես գալիս, նոր որոնումներով զարմացնում մեզ»,-ասաց դերասանուհին և ընդգծեց, որ Մսրյանի հետ նույն բեմում գտնվելը գերագույն հաճույք էր, անբացատրելի, անգնահատելի զգացողություն:
«Մսրյանն անմիջական էր բեմում: Նա իր խաղընկերոջ ձեռքից բռնած գնում էր ստեղծագործական բարձրակետին ընդառաջ: Չկար որևէ դժվարություն, հանգամանք, որը խանգարեր: Անգամ մոռանում էի, որ խաղընկերս հսկա դերասան է»,- եզրափակեց Ղամբարյանը:
Վլադիմիր Մսրյանը ծնվել է Օրջոնիկիձեում (այժմ` Վլադիկավկազ): 1958-62 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում: Աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի, Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոններում` որպես դերասան: Թատերական գործունեության ընթացքում մարմնավորել է հայ և համաշխարհային գրականության մի քանի տասնյակ գլխավոր հերոսների: Համագործակցել է «Հայֆիլմ», «Տաջիկֆիլմ», «Բուլղարֆիլմ», «Մոսֆիլմ» և այլ կինոստուդիաների հետ: Նկարահանվել է «Վերադարձ», «Համագյուղացիներ» «Հեղկոմի նախագահը», «Ամրոց», «Նիկոլո Պագանինի», «Հեծյալը, որին սպասում են», «Խնձորի այգին» և մի շարք այլ կինոնկարներում:
1982 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 1987-ին՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 1998 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով:
Լուսանկարներ՝ «Կիբոսա. 7 դար» հեռուստաներկայացումից: