Բեռլինում մարտի 7-ից 11-ը անցկացվեց «ITB Berlin – 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին այս տարի ևս մասնակցեցին հայկական շուրջ 30 զբոսաշրջային ընկերություններ, հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություններ, անհատ տուր-օպերատորներ: Նրանք ներկայացրին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և այդ ոլորտի հնարավորություններին վերաբերող մի շարք փաթեթներ՝ ներկայանալով որպես թե՛ Հայաստանում և թե՛ տարածաշրջանային համատեղ զբոսաշրջային ծրագրեր իրականացնող ընկերություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Մարտի 9-ին Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ տեղի ունեցավ «Բացահայտի՛ր Հայաստանը» խորագրով շնորհանդես գործարար ոլորտի ներկայացուցիչների համար։
Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր ելույթում անդրադարձավ Հայաստանի զբոսաշրջային գրավչությանը, ինչպես նաև 2017թ. այս ոլորտում երկրի գրանցած զգալի հաջողություններին: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի Մարքեթինգի ղեկավար Աստղիկ Չապլինը:
Միջոցառմանը ներկա էին զբոսաշրջության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, բլոգերներ և այլն: Մասնակիցները ծանոթացան հայկական զբոսաշրջային հնարավորություններին, երկրի հարուստ մշակութային ժառանգությանը: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հայկական գինու և ազգային ուտեստների համտես:
Տեղեկանք. Մասնակիցների թվով աշխարհում ամենախոշոր «ITB Berlin» ցուցահանդեսն անցակացվում է 1966թ. ի վեր։ Լավագույն հանգստավայրերն ու զբոսաշրջային փաթեթները ներկայացնելու համար ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են շուրջ 190 երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։
Ցուցահանդեսի նպատակն է տարբեր երկրների զբոսաշրջային ուղղությունների և կարողությունների, զբոսաշրջային և գործնական ճանապարհորդությունների համար նախատեսված վերջին նորարարությունների ներկայացումը, զբոսաշրջային նոր շուկաների բացահայտումը: