Սև-սպիտակ լուսանկարները պատմությանը զուգընթաց գունավորվում են, կենդանանում ու անծանոթ մարդկանց կենսուրախ դեմքերը քիչ-քիչ ջերմանում են` դառնում հարազատ: Տղամարդու պինդ ձեռքերը չեն դողում լուսանկարներն ինձ փոխանցելիս, թեպետ կնոջ անունը տալիս դեմքին հայտնվող ժպիտը մի փոքր ծուռ է ստացվում, մի տեսակ խեղճացած, սակայն սիրով լի: 70-ամյա Մկրտիչ Մանուկյանին հարցերս հետ են տանում 32 տարով: Նկարների մեջ փնտրում ու չի գտնում հարսանիքի լուսանկարները: Հետո ալբոմներից մեկի միջից հայտնաբերում է փոքրիկ, գունավոր լուսանկարները, որոնք ոչ թե խունացել, այլ ընդհակառակը՝ տարիների ընթացքում դրանց գույներն ավելի են մգացել:
Ո՞վ կպատկերացներ, որ 1985թ-ի աշնանային այդ օրը պիտի հիշարժան դառնար ոչ միայն Մանուկյանների գերդաստանի, այլև Կումայրի-արգելոց թանգարանի աշխատակիցների, Լենինականում հրատարակվող «Բանվոր» թերթի լուսանկարիչ Համիկ Պիճիկյանի ու լրագրող Թ. Հովհաննիսյանի համար: Այդ օրը ալեքպոլցի մեծահարուստ Գևոր աղին պատկանող բաղնիքում՝ կառուցված 1880թ-ին, որ խորհրդային տարիներին վերածվել էր թիվ 4 բաղնիքային տնտեսության, պիտի մոտ 100 մարդ մասնակցեր ավանդական մի ծեսի:
Բաղնիք գնալու ավանդույթը Ալեքպոլ- Գյումրիում
Հին գյումրվա ավանդույթներից էր…բաղնիք էրթալը: Բաղնիքները կեղնեին ի՜րեք տեսակ՝ օբչի (ընդհանուր), համարներով ու ժիվոյ օչերով (հերթ կանգնելով): Քաղքի ամենահայտնի բաղնիքներն էին՝ Ցենտրալնին, Գևոր աղի, Մարտին աղի, հունական ու Ձիթողցյանների բաղնիքները: Հին գյումրվա ավանդույթներից էր հարսնաբաղնիքն ու փեսաբաղնիքը: Ըդիկ շատ հետաքրքիր ավանադույթ էր: Հարսնիքից մե օրմ առաջ երկու կողմի բարեկամները կհավաքվեին, ուտելիք-խմելիք կվերցնեին, բոխչա կկապեին ու հարսին, փեսին կտանեին բաղնիք՝ դհոլ-զուռնով, երգ ու պարով: Ըստեղ չմոռանանք ըսել, օր շատ վախտ հարսնատեսն էլ բաղնիքից կսկսվեր՝ աղջիկ նայել-հավնելու ամենահարմար տեղն էր: Ալեքսանդրապոլ-Գյումրիում բաղնիք էրթալու օրերը շաբաթ-կիրակի էր: էդ օրը մե 5-6 ժամ կտրամադրեին լողնալուն, հետներն էլ անպայման ուտելիք կտանեին: Բաղնիքի բոխչի մեջ անպայման բդի դնեին սպիտակեղեն, լայն ցամքոց, գլխակապ, փայտից նախշած նալիկներ, փախրից դեղին եդակ (գուռից ջուր վերցնելու աման) և հատուկ բաղնիքի համար նախատեսված գործած փոքր գորգ:
Կրթությամբ իրավաբան Մկրտիչ Մանուկյանի ամուսնության պատմությունը հարազատները հիմա էլ են հիշում ու առիթի դեպքում հաճույքով պատմում: 37-ամյա երդվյալ ամուրու համար հարսնացու էին փնտրում հարազատները, բարեկամներն ու ընկերները: «Հորս օր թողնեիր, ամեն առավոտ մե 30 հոգանոց ցուցակ կուդար ձեռքս, թե գնա ընտրե,- ծիծաղելով պատմում է Մկրտիչը,- ես այդ ժամանակ ապրում էի Երևանում, աշխատում էի Կոշի ուղղիչ աշխատանքային գաղութում, ժամանակ չէի գտնում անձնական հարցերով հետաքրքրվելու: Երևի էլի ձգձգվեր ամուսնությունս, եթե ընկերս, ում երեխայի կնունքի քավորն էի ուզում դառնալ, չպնդեր, որ անպայման քավորկին է պետք, այսինքն պիտի պարտադիր ամուսնանայի»:
Հերթական հարսնատեսը մտերիմներից մեկի տանն էր, սակայն Մկրտիչը հավանում է ոչ թե այն աղջկան, ում հետ ծանոթացրել էին, այլ նրա ընկերուհուն, ով օգնում էր տանեցիներին սեղանը սպասքադրել: «Հասմիկին տեսա, հարսնացուի թեկնածուին մոռացա»,- զրուցակիցս ծիծաղում է: Հետո արդեն պետք է ծագեին խնդիրներ՝ կապված Հասմիկի և Մկրտիչի միջև եղած տարիքային տարբերության հետ (Հասմիկը 20, իսկ Մկրտիչը 37 տարեկան էր-հեղ.): «Զոքանչս դեմ էր ու ամուսնությունից հետո էլ չէր հաշտվում՝ միշտ ասում էր՝ 3-4 երեխա էլ ունենա, աղջկաս հետ եմ տանելու: Դե որ դեմ էին, Հասմիկի հետ որոշեցինք փախնել: Իմ մեքենայով փախցրել եմ, հետո ընկերոջս մեքենայով հասել Երևան, նոր էնտեղից բանակցություններ ենք վարել Հասմիկի ծնողների հետ»,- հիշում է Մկրտիչը:
Ասում է՝ ցանկացած պահի կարող էր հարսանիք անել, սակայն մեծ էր ցանկությունը, որ կնոջ հարազատները ևս մասնակցեին: Հաշտությունը կայացել է միայն երեք ամիս անց, հարսանիքի օրը նշանակվել է 1985թ-ի նոյեմբերի 30-ին: Հարսանիքը հարսանիք, սակայն Մկրտիչը սրտանց ցանկանում էր այնպիսի բան անել, որ հիշեին բոլորը: Զրույցի ժամանակ չի խոստովանում, սակայն ամենայն հավանականությամբ եղել է ցանկություն նաև զարմացնելու խնամիներին և փեսայի գոյության հետ չհաշտվող զոքանչին:
Ամբողջությամբ՝ hetq.am