Թեպետ Քիմ Քարդաշյանը ծնվել և մեծացել է Հարավային Կալիֆորնիայում, սակայն նրա երակներում հայկական արյուն է հոսում: Ռեալիթի շոուների աստղը բազմիցս բարձրաձայնել է այն մասին, թե որքան կարևոր է հայկական մշակույթն իր համար: Կարևոր չէ, թե որքան հայտնի է նա դարձել. Քիմը երբեք չի մոռացել, թե ով է:
Այս մասին գրում է ամերիկյան Life&Style ամսագիրը «Ահա թե ինչպես է Քիմ Քարդաշյանի հայկական մշակույթը շարունակում ազդել նրա վրա» խորագրով հոդվածում:
Ամսագիրը գրում է, որ 2017 թվականի հոկտեմբերին իր ծննդյան տոնի կապակցությամբ Քիմն ընտանիքի անդամներին և ընկերներին հավաքել էր Լոս Անջելեսի Carousel ռեստորանում, որը հայտնի է իր հայկական և լիբանանյան խոհանոցով: «Հայկական ռեստորանը նրա ընտանիքի սիրելի վայրերից է դեռևս այն ժամանակվանից, երբ նա փոքր աղջիկ էր: Նա ոգևորված էր ստանալու «հայկական ոճի» սպիտակ տորթ, որի վրա հատուկ առիթի կապակցությամբ դրված էր նրա լուսանկարը»,- գրում է Life&Style-ը:
Ամսագիրը նշում է, որ հայ լինելը աստղի համար այդուհանդերձ ավելին է, քան պարզապես սնունդ վայելելը: Life&Style-ը հիշեցնում է, թե ինչպես 2016 թվականին նա բաց նամակ հրապարակեց Time պարբերականում՝ տարածելով իրազեկվածություն Հայոց ցեղասպանության հարցում:
Պարբերականը գրում է նաև, որ 2015 թվականին Քիմն իր քույրերի հետ այցելեց Հայաստան, եղավ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, որտեղ հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերին: «Ես և քույրս փորձում ենք իրազեկվածություն բերել ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև ընդհանրապես ցեղասպանությունների և մարդկային կոտորածների վերաբերյալ: Իմացությունն ուժ է: Մենք սիրում ենք այն, որ Քարդաշյանները երբեք չեն մոռանում իրենց ով լինելը»,- այցի վերաբերյալ ասել էր Քլոե Քարդաշյանը: