Երևանի ժամանցային վայրերից մեկում՝ Տերյան մշակութային կենտրոնը մարտի 19-ին ներկայացրեց «Թելիկ-Մելիկ» նորընծա հավաքածուն: Ներկայացվող հագուստների վրա օգտագործվել են մի շատ անսովոր աղջնակի ասեղնագործական աշխատանքները: Աղջիկը մտավոր զարգացվածության խնդիր ունի, ուստի և ծնողների, և դիզայներ Լիլիթ Մելիքյանի խնդրանքով նրան ուղղակի արտասովոր աղջիկ են անվանում:
«Արմենպրես լայֆի»-ի հետ զրույցում «Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանը նշեց, որ հավաքածուն սոցիալական կարևոր գործառույթ ունի: Այն ցույց է տալիս, թե ինչպես պետք է հասարակության մեջ ինտեգրման խնդիր ունեցող մարդկանց հետ աշխատել, նրանց ունակություններն ավելի շահավետ դարձնել։
«Իմ և Մարգարիտայի հանդիպումը պատահական չի եղել: Նա սովորում է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում, որտեղ դասավանդում է մեր ասեղնագործության մասնագետ Լուսինեն: Երբ Լուսինեն առաջին անգամ ցույց տվեց Մարգարիտայի աշխատանքները, որոնք պարզապես կտորի վրա ասեղնագործած նախշեր էին, միանգամից առաջացավ միտք, որ Մարգարիտան պետք է լինի Տերյան կենտրոնի լիիրավ անդամ ու աշխատակից: Այն ինչ-որ այսօր տեսնում եք, արժանի է բարձր գնահատականի»,- ասաց Լիլիթը:
Դիզայները դիտարկեց, որ «Թելիկ-Մելիկ» հավաքածուն իր տեսակով յուրօրինակ է և չկրկնվող: «Հավաքածուն ստեղծվել է առանց որևէ կանոնների և տենդեցների: Այն ժամանակակից երիտասարդական հավաքածու է, որտեղ կա մի աղջնակի մտածելակերպ: Ստացված հասույթի մի մասը տրամադրելու ենք Մարգարիտային»,- նշեց նա:
Ցուցադրությանը ներկայացված էր 21 զգեստ: Հագուստի ձևվածքները Լիլիթն է արել: «Հագուստները ջինսե կտորից են: Կարծում եմ՝ ջինսը երիտասարդության շրջանում արդիական է: Սովորաբար, որևէ տենդեցների չեմ հետևում: Ստեղծում եմ այն, ինչ դուր է գալիս: Այս հավաքածուն էլ բացառություն չէ»,- ավելացրեց նա:
Մարգարիտան 23 տարեկան է: Նրա երազանքներից մեկը ճանաչված դիզայներ դառնալ է: Աղջկա խոսքով՝ երբ իմացավ, որ պետք է համագործակցի Տերյան մշակութային կենտրոն հետ շատ է ուրախացել: «Դուրս գալիս է: Անընդհատ գործում եմ: Լիլիթին շատ եմ սիրում, ուրախ եմ, որ իրենց հետ աշխատելու եմ»,- եզրափակեց Մարգարիտան: