Սկանդալային համբավ ձեռք բերած պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին պատկանող Weinstein Company (TWC) ընկերությունը հայտարարել է սնանկացման մասին: Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNBC հեռուստաալիքին, ընկերությունում հայտարարել են, որ պատրաստ են ակտիվները վաճառել Lantern Capital ընկերությանը: Variety հրատարակության աղբյուրների տվյալներով՝ Lantern Capital-ը կարող է Weinstein Company-ի ակտիվների համար վճարել 300-ից մինչև 450 միլիոն դոլար: Ավելի վաղ ներդրողները՝ ամերիկացի ձեռնարկատեր Մարիա Կոնտրերաս Սվիթի գլխավորությամբ, հայտարարել էին 500 միլիոն դոլարով ընկերությունը գնելու պատրաստակամության մասին, սակայն վերջին պահին հրաժարվել են գործարքից:
Հարվի Վայնշտեյնը ամերիկյան կինոյի առավել ազդեցիկ գործիչներից մեկն էր համարվում մինչև անցյալ տարվա հոկտեմբերը, երբ New York Times թերթը և New Yorker հանդեսը նյութեր հրապարակեցին նրա անառակ սեռական վարքի մասին:
Դրանից հետո ավելի քան 80 կանայք պրոդյուսերին մեղադրեցին հետապնդումների և բռնաբարությունների մեջ:
Նրանց թվում, ովքեր հայտարարել են Վայնշտեյնի ոտնձգությունների մասին, աշխարհահռչակ դերասանուհիներ Անջելինա Ջոլին է, Էշլի Ջադը, Սելմա Հայեքը, Ումա Թուրմանը և Գվինեթ Փելթրոուն: