Լիբանանում ՀՀ դեսպանության և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Լիբանանի մասնաճյուղի համագործակցությամբ մարտի 18-ին անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված լիբանանահայ հագուստի դիզայներ-ոճաբան Ժան-Պիեռ Դելիֆերին: Միջոցառումն անցկացվում էր Լիբանանում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Մասնակիցներ Ժան-Լուի Մանգին, Ռոժե Ասսաֆը, Ժերար Ավեդիսյանը, Էթիեն Կուպելյանը, Ղադի Ռահբանին ներկայացրեցին Ժան-Պիեռ Դելիֆերի գործունեությունը և իրենց միջև հաստատված համագործակցության հուշերը:
Միջոցառման հյուրերին ուղղված իր խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը նշեց, որ Ժան-Պիեռ Դելիֆերն իր ստեղծագործական աշխատանքով նպաստել է ֆրանկոֆոն երկրների՝ Լիբանանի և Ֆրանսիայի, մշակութային փոխառնչությանը. նրա հեղինակած զգեստները ներդաշնակորեն միաձուլում են արևելյան և արևմտյան ոճերը՝ ներկայացնելով ստեղծագործական նոր մոտեցումներ: ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանի կողմից հյուրընկալվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Ժան-Պիեռ Դելիֆերը ծնվել է Լիբանանում՝ Ադանայից փախստական հայ ընտանիքում:
Նա իրավամբ համարվում է արաբական աշխարհի առաջին հագուստի դիզայներ-ոճաբանը:
1954թ. Բեյրութում հիմնել է իր Նորաձևության տունը:
Աշխատել է հանրահայտ երգչուհի Ֆեյրուզի հետ:
1975 թվականից մոտ մեկ և կես տասնամյակ ապրել և աշխատել է Փարիզում:
Հեղինակել է Ա. Քամյուի պիեսների բեմադրությունների, Մ.Սկորսեզեի ֆիլմերի զգեստները:
1990թ. վերադարձել է Լիբանան: Մահացել է 1999թ.: