Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 10680 ձեռագիրը համարվում է մեզ հասած հայերեն հնագույն ամբողջական ձեռագիրը, որն ըստ հնագրական տվյալների, կարող է ստեղծված լինել 7-րդ դարում։ Քանի որ հայերեն նշանավոր Ավետարաններին սովորաբար հատուկ անուններ են տրվել, այս հնագույն ձեռագիրը նույնպես անվանակոչվել է։ Ձեռագիրը Մատենադարանին է նվիրել երջանկահիշատակ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Վեհափառը 1975 թ., ի հիշատակ իր մոր՝ Սիրանույշ Պալճյանի, որի համար էլ մատյանին տրվել է «Վեհամոր Ավետարան» անունը (մանրամասները տե՛ս Ա. Մաթևոսյան, Վեհափառական երկու Ավետարան, «Էջմիածին», Թ-Ժ, 1994, էջ 32-34)։
Ձեռագրի գրչության ստույգ տեղն ու ժամանակը հայտնի չեն։ Համաձայն պահպանված հիշատակարանների՝ 13-րդ դարում այն պահվելիս է եղել Կոտայք գավառի Հավուց թառի վանքում, 15-րդ դարում՝ Մաքենյաց վանքում, 16-րդ դարից սկսած՝ Արցախի Գարդման գավառի Մեծ Բանանց գյուղում, որտեղ այն կոչում էին «Ծեր Ավետարան» կամ «Պահապան Ավետարան»։ Ավելի ուշ ձեռագիրը տարվել է Գանձակի Ս. Գրիգոր եկեղեցի, որտեղից 1975 թ. Հայ եկեղեցու այն ժամանակվա Ադրբեջանի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Տերյանը բերել է Էջմիածին և նվիրել Վազգեն Վեհափառին:
Մատյանի հնությամբ պայմանավորված՝ հենց այս ձեռագիրն է ընտրվել որպես ՀՀ նախագահների երդմնակալության արարողության ժամանակ կիրառվող Ավետարան։
«Վեհամոր Ավետարանի» վրա են երդվել ՀՀ երեք նախագահները։
Նյութը տրամադրեց Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն,պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը: