Washington Post-ի լուսանկարչի ՝ Մեծամոր քաղաքին նվիրված նախագիծը ներառվել է Sony World Photography Awards հեղինակավոր մրցույթի կարճ ցուցակում։ Նախագծի հեղինակը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչու է հենց Մեծամորը նկարել։
Washingtom Post-ի լուսանկարիչ, իտալացի Ստեֆանո Մորելին Հայաստանի Մեծամոր քաղաքը նկարել է անցած տարվա հունվարի սկզբին։ «Suspension» անվանումով լուսանկարների շարքը, որը պատկերում է ատոմային էլեկտրակայանի անմիջական հարևանությամբ ապրող մարդկանց կյանքը, լուսանկարիչը ներկայացրել է Sony World Photography Awards-ին՝ աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկին, որին ամեն տարի մասնակցում են հազարավոր լուսանկարիչներ։ Իր աշխատանքների համար նախագծի հեղինակն անցել է մրցույթի եզրափակիչ փուլ։
Մորելին Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ մրցույթի կարճ ցուցակում ընդգրկվելը շատ անսպասելի է եղել։
«Իսկապես անակնալի եկա, երբ իմացա, որ աշխատանքներս ընդգրկվել են Contemporary Issues անվանակարգի կարճ ցուցակում (Professional բաժին՝ խմբ.), որտեղ աշխարհի ավելի քան 200 երկրի լուսանկարիչներից մոտ 130 հազար հայտ է ստացվել։ Իմ ֆոտոնախագծի թեման բավականին հետաքրքիր է, և ես շատ ուրախ եմ, որ ժյուրին գնահատել է այն»,- ասաց նա։
Մորելին խոստովանեց, որ շատ է սիրում Հայաստանը և առաջին անգամ այստեղ է եկել 2013թ-ին։ Իտալացի լուսանկարիչն անձամբ է զգացել հայերի հյուրընկալությունն ու բարեհոգությունը։
«Ինձ զարմացրեց, թե որքան մեծ սիրտ ունեն հայերը»,- ասաց նա։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am