Նկարիչ Փիթեր Մաթյուսը Ատլանտյան օվկիանոսի ջրերում ժամեր, երբեմն օրեր է անցկացնում: Ջրում գտնվելով`նա պատկերում է ալիքներ, ծովային տեսարաններ: Ինչպես հայտնում է «Արմենպրես լայֆ»-ը՝ հղում անելով BBC-ին, նկարիչը ոգեշնչվել է ծովից 2007թ, երբ որպես սերֆեր միայնակ ճամփորդում էր Մեքսիկայով: Սիրելի զբաղմունքը ճակատագրական է դառնում նկարչի համար:
Ալիքներն ահագնանում են, նա կորցնում է ինքնակառավարումը և հայտնվում ծովում`ամբողջովին հանձնվելով ալիքներին: Երբ ի վերջո նրան հաջողվում է ափ դուրս գալ, նա հասկանում է, որ պետք է նկարի «ֆիզիկապես ծովում կամ ծովի հետ եղած ժամանակ»:
Սերֆինգի տախտակը փոխարինում է նկարչական տախտակով, սուզվում օվկիանոսի մեջ և այնտեղ անցկացնում օրվա մեծ մասը:
Նկարչական պարագաները պահում է գլխարկի մեջ, կտավն ամրացնում տախտակին և սկսում ստեղծագործել: Նկարելու համար նախատեսված հատուկ նյութերից`մատիտից,ներկերից զատ, նա օգտագործում է նաև ածուխ, յուղ, ակրիլ, հող, տարբեր գտածոներ, ժանգ և Ատլանտյան օվկիանոսի ջուրը: Կտավը պատրաստ լինելուց հետո չորացնում է կրակի մոտ:
Փիթերի ստեղծած խոշոր կտավները, կարծես, ալիքների մենախոսության վերարտադրումը լինեն: Դժբախտաբար, երբեմն աշխատանքները սողանքների հետևանքով թաղվում են, փոթորիկի ժամանակ` անհետանում ջրում: Աշխատանքներից ոչ մեկը նկարչին չի հաջողվել գտնել: Ըստ նրա` դրանք դեռ գոյություն ունեն, բնության կողմից դեռ շարունակում են կատարելագործվել: Նկարչի խոսքով՝ երբ աշխատանքները սուզվում են ջրում, կարծես էմոցիոնալ կապ է ստեղծվում իր և տիեզերքի միջև, նա զգում է բնության ուժը:
Մաթյուսի ստեղծագործությունները հազարավոր ֆունտեր են գնահատվում: Աշխատանքները ցուցադրվում են Լոնդոնի Սաատչի պատկերասրահում: