Մեղադրողը միջնորդեց մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման
Advertisement 1000 x 90

Մեղադրողը միջնորդեց մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման

Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով այսօր մեղադրողը հանդես եկավ ճառով՝ միջնորդելով «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ դատապարտելով 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 3 տարի ժամկետով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ:

Գործով մյուս ամբաստանյալ Անի Բաբելյանին էլ մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, նույնքան ժամկետով էլ բժշկական գործունեության իրավունքի զրկմամբ:

Իսկ մինչ դատախազ Արա Մնացականյանը ճառով հանդես կգար, դատաքննությունը վերսկսելու միջնորդությամբ հանդես եկավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը: Փաստաբանը միջնորդեց գործին կցել վաղեմության հիմքով կարճված Բախշյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործի փաստթաղթերը:

Բանն այն է, որ 2010թ. նոյեմբերի 16-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծնվել է տղա երեխա, երեխայի ծնունդն ընդունել է Շուշանիկ Բախշյանը:

Բախշյանը հղիին ծննդալուծվել է բնական ճանապարհով, այն դեպքում, երբ երեխայի քաշը եղել է 5 կիլոգրամ: Մեծ դժվարությամբ երեխային դուրս են բերել՝ այդ ընթացքում քաշելով երեխայի ձեռքից, ինչի հետևանքով նորածնի ձեռքի բոլոր 5 նյարդերը պոկվել են, որից երկուսը՝ ողնուղեղից, և երեխան հաշմանդամ է դարձել:

Մարինե Թովմասյանը նշեց, որ հարուցվել է քրեական գործ, և Բախշյանը չի առարկել վաղեմության հիմքով քրեական գործի վարույթը կարճելուն և այս գործի վերաբերյալ փաստաթղթերը, որպես անձը բնութագրող հանգամանք, փաստաբանը միջնորդեց կցել գործին:

Բախշյանի պաշտպան Սիրունյանը գտավ, որ այդ փաստաթղթերը վերաբերելի չեն:

Հաջորդիվ միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը՝ դատարանին հայտնելով, որ այս գործի շրջանակներում Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկներից Տիգրան Սարգսյանին: Նրան ևս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ նա ևս, պարտավոր լինելով ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն, անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի մահվան: Այդ փաստաթուղթը ևս կցվեց քրեական գործին:

Այսպիսով, հաջորդ դատական նիստում ճառով հանդես կգա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Շուշանիկ Բախշյանը, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը:

Բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն՝ անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև՝ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի՝ Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Գործով մեղադրանք է առաջադրվել նաև Նույն ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին: Վերջինս 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև՝ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատաբժշկական հանձնաժողովը պարզել է, որ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր կյանքը փրկելու հնարավորությունն ավելի մեծ կլիներ, եթե նրան շուտ ծննդալուծեին՝ կեսարյան հատման միջոցով:

Սակայն Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը, ով եղել է հղիի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկուհին, պարտավոր լինելով նրան հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները. այս պայմաններում հղիին չհոսպիտալացնելը չի հիմնավորվել:
Բժշկի կողմից ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մերի Մարգարյանը ծննդալուծումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ 2015թ-ի հուլիսի 29-ին մահացել է, կնոջ մահվան հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը:

Իսկ ներկայումս արդեն ամբաստանվող մյուս բժշկուհին՝ Անի Բաբելյանն էլ 2015 թվականի հուլիսի 25-ին առավոտյան, եղել է հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգը, սակայն նա նույն օրը բարձր ջերմությամբ ԲԿ դիմած Մերի Մարգարյանին չի հոսպիտալացրել, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից Մ.Մարգարյանն օրեր անց՝ հուլիսի 29-ին, մահացել է:

Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

pastinfo.am