Հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ Երևանում` Աբովյան 21 հասցեում, կանգնեցվեց արտիստի բրոնզե դիմաքանդակով բազալտե հուշասյունը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 7-ին:
«Հատկանշական է, որ մայրության և գեղեցկության տոնին դերասանի հուշաքարն է բացվում. մարդ, որին պաշտում էին թատերասերները, սիրահարված էին բոլոր կանայք: Մեր քաղաքը հարստացավ նոր գույնով, ներսիսյանական շնչով: Բաբկեն Ներսիսյանը դերասան էր, որն իր կերտած կերպարներով կարողացավ կյանքում նոր երևույթներ առաջ բերել: Կառանձնացնեմ նրա մարմնավորած Սայաթ-Նովայի կերպարը: Ներսիսյանի փայլուն խաղից հետո բոլոր նկարիչները, քանդակագործները, ձեռարվեստի վարպետները աշուղին պատկերում էին Բաբկեն Ներսիսյանի կերպարով: Մեծ արտիստը կարողացավ վերակենդանացնել մեր աշուղին»,- նշել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը ընդգծեց, որ Բաբկեն Ներսիսյանը 19 տարեկանում ապշեցրել է և’ թատերասերներին, և’ իր գործընկերներին: «Մենք կարծես քնած էինք, երբ եկավ նա և փոթորկի պես մտավ մեր բոլորի կյանք»,-ասաց Ղազանչյանը:
Ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը հիշեց, որ կարծես երեկ էր Ներսիսյանը քայլում այդ փողոցով, և ոչ ոք անտարբեր չէր անցնում նրա կողքով, բոլորը մոտենում էին, զրուցում հետը: «Նա մեծ արտիստ էր, որը կարողացավ ժամանակների ռեալիստական թատրոնի շունչը բերել, կապել իրար` ստեղծելով մի աշխարհ, որը կարելի է անվանել Բաբկեն Ներսիսյանի թատրոն: Նա իր անմոռանալի կեցվածքով, քաղաքացիական դիրքորոշմամբ, արիստոկրատ մարդու էությամբ և հրաշալի գեղարվեստական բույրով ներկայացրեց հայ մշակույթը, հայ թատրոնը և կարողացավ իր հետևից տանել և վարակել շատերին»,-շեշտեց Էլբակյանը:
Քանդակագործ Տիգրան Արզումանյանը պատմեց, որ ի սկզբանե նախատեսվել է հուշատախտակ բացել, բայց, քանի որ, Տիգրան Ներսիսյանի հետ դեռ հինգ տարի առաջ մտադրվել էին հուշասյուն ստեղծել, դիմել են Երևանի քաղաքապետարանին և համաձայնություն ստացել: «Մեծ սիրով եմ մոտենում այս գործին: Մեր սերնդակիցները լավ են հիշում Բաբկեն Ներսիսյանին, ով իր ուրույն տեղն ուներ Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան և այլ տաղանդների ծաղկաբույլում»,-նշեց նա:
Բաբկեն Ներսիսյանի որդի Տիգրան Ներսիսյանն ասաց, որ հորից հոգևոր կտակ է ստացել: «Այն փակցված է իմ սենյակում, իմ աչքի առաջ. թուղթ, որի վրա տասը տող է գրված: Հայրս այն գցել էր իր արխիվի մեջ հավանաբար մտածելով, որ եթե դա ինձ պետք լինի, ապա կգտնեմ: Տողերից մի քանիսն են` վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես կցանկանաս քեզ հետ վարվեն, եղիր բարի, ճշմարիտ և ազնիվ, Հոն առաջ, նահանջելու տեղ չկա»,-եզրափակեց Ներսիսյանը:
Հուշասյան քանդակագործը Տիգրան Արզումանյանն է, ճարտարապետը Լևոն Իգիթյանը: Այն կանգնեցվել է «Բաբկեն Ներսիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: