Հավասարակշռված սննդակարգը դժվար է պատկերացնել առանց կաթնամթերքի։ Սակայն ապրանքի բազմազանությունն ու տարածված մոլորությունները խանգարում են ճիշտ ընտրություն կատարել։ Adme.ru-ն ներկայացրել է 9 փաստ կաթնամթերքի մասի, որը կօգնի որակյալ մթերք գնել և այն ճիշտ օգտագործել։
Կաթնամթերքն անհամատեղելի է հակաբիոտիկների հետ։ Հակաբիոտիկների հետ միաժամանակ կաթ օգտագործելու դեպքում ձևավորվում են չլուծվող միացություններ, ինչի արդյունքում զգալիորեն նվազում է դեղամիջոցների արդյունավետությունը։ Կաթնամթերք չի կարելի օգտագործել ոչ միային անմիջապես հակաբիոտիկներ օգտագործելիս, այլև դրանից մեկ ժամ առաջ և հետո։
Կաթն արգելակում է մթերքի յուրացումը։ Շատերի համար սովորություն դարձած նախաճաշը՝ կաթով շիլա, լավագույն որոշումը չէ։ Առաջին հերթին հացահատիկը ֆիտինային թթու է պարունակում, որն արգելակում է կալցիումի յուրացումը։ Երկրորդ՝ կաթը խորհուրդ չի տրվում օգտագործել քաղցած վիճակում, քանի որ դա մեծ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար։ Երրորդ՝ կաթն առհասարակ խորհուրդ չի տրվում օգտագործել այլ մթերքի հետ, քանի որ այն արգելակում է սննդի մշակումը։
Կաթը խորհուրդ է տրվում խմել առանձին՝ մթերքի օգտագործումից 30 րոպե առաջ կամ հետո։ Կաթ օգտագործելու լավագույն ժամանակը երեկոն է՝ քնելուց մեկ ժամ առաջ։ Կաթը տրիպտոֆան ու մագնեզիում է պարունակում, որոնք օգնում են հանգստանալ և արագ քնել։
Յոգուրտը չի օգնում դիսբակտերիոզի դեպքում։ Կարծիք կա, որ աղիների հետ կապված խնդիրների առկայության դեպքում հարկավոր է մեծացնել կաթնաթթվային մթերքի օգտագործումը, քանի որ դրանք հագեցնում են աղիների միկրոֆլորան օգտակար բակտերիաներով։ Սակայն սուր վիճակի դեպքում կեֆիրն ու յոգուրտը կարող են միայն վատացնել վիճակը։
Կաթնամթերքը չի կարելի օգտագործել քաղցած վիճակում։ Կաթնամթերքն օգտակար բակտերիաներ է պարունակում։ Առավոտյան՝ քաղցած վիճակում օգտագործելով՝ այդ օգուտն օրգանիզմը պարզապես չի ստանում։ Բացի այդ՝ քաղցած վիճակում կաթնամթերքի օգտագործումը կարող է այրոցի պատճառ դառնալ։
Կաթի պահպանման երկար ժամանակը ոչ միշտ է վատ։ 2 ամիս և ավելի երկար պահպանման ժամկետ ունեցող կաթը ենթարկվում է ուլտրապաստերացման։ Մշակման այս եղանակը թույլ է տալիս ազատվել պաթոգեն միջավայրից, միևնույն ժամանակ՝ պահպանել կալցիումն ու մյուս օգտակար էլեմենտները։ Պետք չէ ուլտրապաստերացումը շփոթել ստերիլացման հետ։ Ստերիլացված կաթը երկար ժամանակ եռացվում է, ինչի արդյունքում կորցնում է սննդարար նյութերի առյուծի բաժինը։
Մրգային յոգուրտն ավելի շատ շաքար է պարունակում, քան կոկա-կոլան։ Մրգային շոգուրտը մեծ քանակով կոնսերվանտներ, ներկանյութեր, արոմատիզատորներ է պարունակում։ Ընդ որում, շաքարի պարունակության քանակով մրգային յոգուրտը կարող է մրցել այնպիսի մթերքի հետ, ինչպիսիք են կոկա-կոլան ու փքաբլիթները։ Համեմատության համար նշենք, որ դրանցում 10 տոկոս շաքար է պարունակվում, իսկ որոշ մրգային յոգուրտներում՝ 18 տոկոս։
Ֆերմայի կաթնամթերքը ոչ միշտ է ավելի լավը, քան գործարանինը։ Թարմ կաթը ստերիլ է մնում 2 ժամ, ինչից հետո այդ կաթն ու դրանից պատրաստված մթերքը բակտերիաների բազմացման համար նպաստավոր միջավայր է դառնում։ Չպաստերացված կաթից պատրաստված մթերքը կարող է սննդային թունավորման պատճառ դառնալ։ Կարող է թվալ, թե «ձեռքից» գնված կաթնամթերքն ավելի բնական է, սակայն ֆերմերները համը հաճախ լավացնում են օսլայի, սոդայի, կավիճի միջոցով։
Յուղազրկված կաթնամթերքը չի օգնում նիհարել։ Հետազոտության ընթացքում գիտնականները հետևել են մարդկանց խմբի առողջությանը, ովքեր ընդունվող կալորիաների քանակը նվազեցրել են 500 կիլոկալորիայով։ Միևնույն ժամանակ հետազոտության մասնակիցների մի խումբն օրվա ընթացքում 1 բաժին յուղազրկված կաթնամթերք է օգտագործել, մյուս խմբի սննդակարգում ներառված են եղել սովորական կաթ, պանիր, յոգուրտ՝ օրվա ընթացքում 3 բաժնից ոչ ավելի։ Լավագույն արդյունքի հասել են այն մասնակիցները, ովքեր սննդակարգ են ներառել նորմալ յուղայնությամբ կաթնամթերք։ Ընդ որում, այդ խմբի մասնակիցները հենց ճարպային և ոչ թե մկանային զանգված են կորցրել։
Օրգանական կաթը սովորականից լավը չէ։ Օրգանական կաթը ստացվում է կովերից, որոնք բնական կեր են օգտագործում, շատ են լինում մաքուր օդին և դեղամիջոցներ չեն օգտագործում։ Սակայն բնական արտադրությունը կարգավորող օրենքները բավական անորոշ են, ինչից օգտվում են արտադրողները։ Արդյունքում՝ օրգանական կաթի անվան տակ վաճառվում է սովորական մթերք։ Եվ սա ամենը չէ։ Օրգանական կաթի սննդային արժեքը, նույնիսկ, եթե այն պատրաստվել է նորմերի պահպանմամբ, քիչ է տարբերվում սովորականից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը