Օրգանիզմում ի՞նչ է տեղի ունենում սեքսի երկարատև բացակայության դեպքում
Advertisement 1000 x 90

Օրգանիզմում ի՞նչ է տեղի ունենում սեքսի երկարատև բացակայության դեպքում

Բազմիցս է խոսվել օրգանիզմի վրա կանոնավոր սեքսի ազդեցության մասին: Իսկ ի՞նչ է օրգանիզմում տեղի ունենում սեքսի երկարատև բացակայության դեպքում:

Մեծանում է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը

ԱՄՆ-ում 2005-2006 թվականներին անցկացված Առողջության և սննդակարգի ազգային հետազոտությունը (National Health and Nutrition Examination Survey) ցույց է տվել, որ սեքսուալ շփումների նվազումը արյան մեջ հոմոցիստեինի մակարդակը բարձրացնում է, ինչն իր հերթին մեծացնում է աթերոսկլերոզի և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը:

Եվ հակառակը՝ շաբաթական ոչ պակաս 2 անգամ կանոնավոր սեքսը օգտակար է սրտի և անոթների համար:

Մեծանում է սթրեսի մակարդակը

2005 թվականին հրապարակված հետազոտության համաձայն՝ սեռական ակտն օգնում է սթրեսից ազատվելուն, ըստ որում՝ առավել արդյունավետ, քան ձեռնաշարժությունը: Սեքսը մեծացնում է էնդորֆինների և օկսիտոցին հորմոնի մակարդակը, որոնք արտադրում է գլխուղեղը: Օկսիտոցինը կարող է հակազդել կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի անցանկալի էֆեկտին:

Վատթարանում է ուղեղի աշխատանքը

Օքսֆորդի և Քովենթրիի համալսարանների կատարած հետազոտության համաձայն՝  հասուն և տարեց տարիքում կանոնավոր սեռական կյանքը լավացնում է ուղեղի աշխատանքը: Ըստ թեստերի արդյունքների՝ սեռապես ակտիվ տարեց մարդկանց մոտ ավելի բարձր է վերբալ (խոսքի) արագությունը, տարածության մեջ կողմնորոշումը և օբյեկտների տեսողական ավելի լավ ընկալումը:

Մարդը խոցելի է դառնում մրսածության հիվանդությունների հանդեպ

Փենսիլվանիայի Ուիլքս-Բարեի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ կանոնավոր, բայց այնքան էլ ոչ հաճախակի սեքսուալ շփումները, նվազեցնում են մրսածության վտանգը: Գիտնականները քոլեջի 111 ուսանողների շրջանում հարցում են անցկացրել և նրանցից թքի նմուշ վերցրել՝ պարզելու դրա մեջ իմունոգլոբուլին A-ի պարունակության քանակությունը, որը պատասխանատու է մրսածության հիվանդություններից օրգանիզմի առաջնային պաշտպանության համար: Պարզվել է, որ IgA-ի ամենաբարձր մակարդակը (30 տոկոսից ավելի) եղել է նրանց խմբում, ովքեր շաբաթական 1-2 անգամ սեքսով են զբաղվել:

Կարելի է ենթադրել, որ սեքսի բացակայությունը կարող է բացասաբար ազդել ինֆեկցաներին դիմակայելու օրգանիզմի ունակության վրա:

Մեծանում է էրեկտիլ դիսֆունկցիայի վտանգը

Ֆինլանդիայում անցկացված հետազոտության համաձայն, որը 2008 թվականին հրապարակվել է Ամերիկյան բժշկական ամսագրում, տղամարդկանց մոտ, որոնք սեքսով զբաղվել են շաբաթական մեկ անգամից պակաս, էրեկտիլ դիսֆունկցիան 2 անգամ ավելի հաճախ է զարգացել, քան նույն տարիքի ավելի ակտիվ տղամարդկանց մոտ:

Մեծանում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը

Ամերիկյան բազմամյա հետազոտությունը ցույց է տվել, որ հասուն տարիքում տղամարդկանց մոտ որքան շատ են սերմնաժայթքումներ լինում, այնքան փոքր է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը: Ուռուցքի զարգացման հավանականությունը ցածր է եղել այն տղամարդկանց մոտ, որոնք ամսական ոչ պակաս 21 անգամ օրգազմ են ապրել:

med.news.am