Steptohealth.ru-ն գրում է, որ նյութափոխանակությունը բարդ ու հստակ կանոնավորված մեխանիզմ է։ Այդ գործընթացների շնորհիվ օրգանիզմը կարողանում է էներգիա ստանալ օգտագործվող սննդից և իրականացնել իր գործառույթները։ Բոլորին հայտնի է, որ լավ նյութափոխանակությունն օգնում է այրել ճարպերը։ Իրականում նյութափոխանակությունը բավական բարդ գործընթաց է, և երբ այն դանդաղում է, մենք սկսում ենք հոգնածություն զգալ, առաջանում են ավելորդ քաշ, ալերգիկ ռեակցիաներ, մաշկի հետ կապված խնդիրներ, անքնություն… Սա նշանակում է, որ արագ նյութափոխանակությունը հարկավոր է ոչ միայն ավելորդ քաշից ազատվելու համար։ Պետք է հիշել, որ նյութափոխանակության վիճակից կախված է մեր ֆիզիկական ու հոգեբանական բարեկեցությունը։ Եթե ցանկանում եք կարգավորել նյութափոխանակությունը, կարող եք հետևել այս խորհուրդներին։
Կիտրոնով տաք ջուր խմեք։ Արթնանալուց ու լոգանք ընդունելուց հետո կիտրոնի հյութ խմելով՝ կարող եք օրգանիզմն ապահովել թեթև, մաքրող, օգտակար և վիտամիններով հարուստ ըմպելիքով։ Այն կօգնի գործի դնել նյութափոխանակությունը, կարգավորել այն և մաքրել օրգանիզմը։ Դրա շնորհիվ կարող եք ավելի լավ յուրացնել օգտակար նյութերը, որոնք օրգանիզմը ստանում է սննդի միջոցով։
- Գերադասելի է ջուրն օգտագործել տաք վիճակում։ Հենց այդ ջերմաստիճանն է առավել շատ համապատասխանում նյութափոխանակության գործընթացները գործի դնելուն։
- Եթե ըմպելիքը շատ թթու է թվում, կարող եք այն քաղցրացնել մեկ թեյի գդալ բնական մեղրով։
10 րոպե մարզվեք ծանրաձողով։ Նույնիսկ 10 րոպե տևող ֆիզիկական ակտիվությունը կօգնի տոնուսի մեջ պահել մկաններն ու ակտիվացնել նյութափոխանակությունը։ Մարզվելու լավագույն ժամանակն առավոտյան ժամերն են։ Թող վարժություններ կատարելը սովորություն դառնա. դրանք օգտակար են ոչ միայն օրգանիզմի առողջության, այլև կազմվածքի համար։
Նախաճաշին ձու օգտագործեք։ Նյութափոխանակությունն ակտիվացնելու գործում լավագույնս կօգնի ձուն։ Այն արագ հագեցնում է օրգանիզմը, մի շարք օգտակար նյութեր է պարունակում։ Դրանց օգնությամբ ավելորդ քաշից ազատվելն ավելի հեշտ կլինի։ Ձուն չի բարձրացնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը, իսկ դրանում պարունակվող օմեգա-3 և 9 ճարպաթթուներն անհրաժեշտ են սիրտ-անոթային համակարգի առողջության համար։
Խնձոր և տանձ։ Սրանք ոչ միայն թույլ են տալիս գործի դնել նյութափոխանակությունը, այլև կարգավորում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, հեշտությամբ հագեցնում են, օգնում ազատվել ճարպային կուտակումներից։ Նախաճաշին կարող եք այս մրգերը համադրել այլ մթերքի հետ՝ վարսակի փաթիլներ, ընդեղեն, մեղր, չամիչ։
Մեկ բաժակ սուրճ։ Սուրճի հետ կապված հակասական տեղեկատվություն հաճախ է հանդիպում։ Մյուս կողմից՝ յուրաքանչյուրը սեփական փորձով գիտի, թե ինչպես է փոխվում իր ինքնազգացողությունը սուրճի օգտագործումից հետո։ Եթե չչարաշահեք սուրճը, այն օրգանիզմին չի վնասի։ Հարկավոր է նաև հիշել, որ սուրճը խթանում է նյութափոխանակությունը։
- Մի մոռացեք, որ կոֆեինը բարձրացնում է ադրենալինի մակարդակը։
- Այս հորմոնը մասնակցում է ճարպերի մասնատման գործընթացին։
Պամելո՝ նյութափոխանակությունն արդյունավետորեն խթանող միջոց։ Եթե ամեն օր մեկ բաժակ պամելոյի թարմ հյութ օգտագործեք, օրգանիզմը մեծ քանակով վիտամին C կստանա։
- Բացի դրանից՝ պամելոն մանրաթելերի, ֆոլաթթվի, առաջին հերթին՝ թիամինի աղբյուր է։
- Թիամինը մեծ նշանակություն ունի շաքարի նյութափոխանակության գործում։ Դա է պատճառը, որ պամելոն խորհուրդ է տրվում ներառել սննդակարգ, եթե ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունեք։ Այս միրգը կնվազեցնի դիաբետի առաջացման հավանականությունը, թույլ կտա ազատվել կայուն ճարպային կուտակումներից ու լավացնել նյութափոխանակությունը։
Ջուր՝ լավ նյութափոխանակության բանալին։ Ընդամենը մի քանի բաժակ ջրի օգտագործումը հանգեցնում է նյութափոխանակության արագացման։ Արդյունքում՝ երիկամներն ավելի լավ են մաքրում օրգանիզմը, իսկ ճարպերն ու ածխաջրերը հեշտությամբ են վերամշակման ենթարկվում։ Նյութափոխանակությունն ակտիվացնելու համար խորհուրդ է տրվում օրվա ընթաքում փոքր կումերով ջուր խմել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը