Շվեդիայում բացվել է էլեկտրիֆիկացված առաջին ճանապարհը, որը լիցքավորում է իր վրայով շարժվող էլեկտրական փոխադրամիջոցների մարտկոցները: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:
Ավտոմայրուղին Շվեդիայի մայրաքաղաքը կապում է Ստոկհոլմ-Առլանդա օդանավակայանի հետ: Տեղամասի երկարությունը կազմում է շուրջ 2 կիլոմետր:
Ճանապարհը բաժանված է 50 մետր երկարությամբ սեկցիաների, դրանց հոսանք է տրվում միայն այն ժամանակ, երբ փոխադրամիջոցը գտնվում է դրանց վրա: Եթե ավտոմեքենան կանգ է առնում, հոսանքն անջատվում է: eRoadArlanda կոնսորցիումի գործադիր տնօրեն Հանս Զելլը պարզաբանում է, որ մակերևույթի վրա էլեկտրականություն չկա, այն գտնվում է հինգ-վեց սանտիմետր խորության վրա: Նույնիսկ եթե ճանապարհը ողողվի աղի ջրով, մակերևույթի վրա էլեկտրականության մակարդակը կկազմի 1 վոլտ: Ճանապարհով կարելի է քայլել բոկոտն:
Նրա խոսքով՝ Շվեդիայում կան կես միլիոն կիլոմետր ձգվող ճանապարհներ, որոնցից 20 հազար կիլոմետրն ավտոմայրուղիներ են: Եթե դրանք էլեկտրիֆիկացնեն, դա բավարար կլինի, քանի որ ավտոմայրուղիների միջև հեռավորությունը չի գերազանցում 45 կիլոմետրը, և էլեկտրամոբիլները կարող են այն անցնել առանց լիցքավորման: Հավելենք, որ Շվեդիայի նպատակն է՝ 2030 թվականին ազատվել ածխածնային վառելիքից ունեցած կախվածությունից: