ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քիչ առաջ հայտարարել է, որ իշխող կուսակցությունը չի խոչընդոտի մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությունները, և Հայաստանն այդ օրը վարչապետ կընտրի: Իսկ դա նշանակում է, որ նվազագույնը հանրապետական 6 պատգամավոր պետք է կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, քանի որ նրան վարչապետ ընտրվելու համար 53 ձայն է հարկավոր, իսկ այժմ բոլորը միասին նա ունի 47 ձայն: Սա Փաշինյանի ներկայացրած չորս կետերից երկրորդի կատարումը կլինի:
Ինչպես հայտնի է՝ Փաշինյանն իշխանությունների հետ երկխոսելու համար հետևյալ կետերն էր ներկայացրել.
1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից
2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին
3. Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն
4. Հայաստանի օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին:
Երբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն` Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Առաջին կետը կատարված է, երկրորդը կատարվում է: Մյուս կետերի ընթացքն արդեն պետք է լինի մայիսի 1-ից հետո:
Հոդված 150. Կառավարության կազմավորումը Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված են համարվում իրավունքի ուժով:
Հոդված 151. Կառավարության ծրագիրը Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Սույն հոդվածի 3-րդ մասը չի տարածվում Սահմանադրության 115-րդ հոդվածին համապատասխան կազմավորված Կառավարության ծրագրի վրա:
Եթե այդ Կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Սակայն հետաքրքիրն այն է, որ ըստ Սահմանադրության վարչապետին կարելի է անվստահություն հայտնել նրա ընտրվելուց մեկ տարի հետո միայն:
Այսինքն` եթե կառավարության ծրագիրը հանկարծ հաստատվի, ընտրված վարչապետին մեկ տարի չեն կարողանա հեռացնել պաշտոնից: Սակայն սա ամենևին էլ նրա ծրագրերի մեջ չի մտնում, քանի որ Փաշինյանը ցանկանում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ:
Հոդված 115. Վարչապետին անվստահություն հայտնել 3 Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո: