Մարտի 25-28-ը Պրահայում կայացավ «Պրահյան աստղաբույլ» ջութակահարների միջազգային մրցույթ-փառատոնը, որտեղ առաջին տեղը նվաճեց մեր փայլուն հայրենակցուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ՝ Լուսինե Սարգսյանը։ 27-ամյա ջութակահարուհին Հայաստան է բերում արդեն երկրորդ մեդալը, իսկ առաջինը բերել էր նախորդ տարվա նոյեմբերի 16-20-ը Սանկտ-Պետերբուրգում կայացած «Կախարդական հրավառություն» ջութակահարների միջազգային մրցույթ-փառատոնից։
Ծնողների մահից հետո, Լուսինեն կորցրեց իր տեսողությունը, և այժմ պատրաստվում է վիրահատության՝ Գերմանիայում։
«Մի քանի տարի շարունակ պայքարում էի՝ փնտրելով հովանավորներ արտասահման մեկնելու համար, սակայն ապարդյուն։ Նոյեմբերին Սանկտ-Պետերբուրգում կայացած մրցույթ-փառատոնից ստացել էի հրավեր, բայց ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատրաստակամություն էր հայտնել հոգալ միայն ճանապարհածախսը։ Արդեն հուսահատվել էի, երբ ստացա զանգ մրցույթի կազմակերպիչների կողմից, որում նշվեց, որ ռուսական կողմը պատրաստվում է հոգալ կեցության հարցը։ Մեկնեցի Սանկտ-Պետերբուրգ, որտեղից վերադարձա՝ նվաճելով առաջին պատվավոր տեղը 650 մասնակիցներից, դասախոսս՝ Սարգիս Թաշջյանը ստացավ «Լավագույն դասախոս» կոչումը, իսկ դաշնակահարուհիս՝ Բելլա Օսիպովան դարձավ մրցույթի «Լավագույն նվագակցողը»։ Հենց այդ նույն ժամանակահատվածում էլ ստացա հնարավորություն մասնակցելու «Պրահյան աստղաբույլ» մրցույթ-փառատոնին։
Այս անգամ էլ Մշակույթի նախարարությունը ևս հոգաց ճանապարհածախսը, իսկ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը՝ կեցության ծախսերը, որի համար անչափ շնորհակալ եմ։
Երիտասարդ ջութակահարուհին վաղ տարիքից ստեղծագործում է։ Նրա ստեղծագործությունների ներշնչանքի աղբյուրն են հանդիսանում հեղափոխությունը և իր երկրորդ կեսը, ում հետ ծանոթացել է 2008թ. հանրահավաքների ժամանակ…
«Պրահյան աստղաբույլ» ջութակահարների միջազգային մրցույթ-փառատոնը բաղկացած էր երկու փուլից, որոնք կայացան Պրահայի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։ Մարտի 27-ի երեկոյան կայացավ եզրափակիչ համերգը, որի առաջին մասում հաղթողների ելույթներն էին, իսկ փոքր ինչ ուշ սկսվեց պարգևատրման հանդիսավոր արարողությունը ։Եզրափակիչ համերգին Լուսինեն կատարեց Կոմիտասի «Կռունկը» և Դվորժակի «Անտունին» սլավոնական ֆանտազիան։ Ավարտին բուռն ծափահարությունները հեղեղել էր ողջ դահլիճը, և բոլորը միաձայն գոչում էին «կեցցես»։
Պարգևատրման արարողությանը բեմ հրավիրեցին մեր հայրենակցուհուն իր դաշնակահարուհու ուղեկցությամբ, և անվանի ջութակահար Թոմաշ Բերգերը մոտեցավ և հանդիսավոր հանձնեց եվրոպական ոսկե մեդալը, առաջին տեղի դիպլոմը և ոսկե գավաթը ՝ ցուցաբերած պրոֆեսիոնալ նվագի համար։
«Ինչ որ արտասովոր ուժ կա այս տաղանդավոր աղջկա մեջ, որը կախարդում է ունկնդրին, ես չգիտեի, որ Լուսինեն տեսողության խնդիրներ ունի. Մյուս 149 մասնակիցները տեսնում էին, բայց ոչ ոք չուներ այն զգացմունքային, էմոցիոնալ դաշտը և պրոֆեսիոնալիզմը, որն ունի նա, և վստահ եմ, որ նրան սպասվում է մեծ ապագա, նա արդեն հասցրել է նվաճել եվրոպական հանդիսատեսի սիրտը»-ասել է աշխարհահռչակ ջութակահար, մի շարք երկրների կոնսերվատորիաների պրոֆեսոր, «Պրահյան աստղաբույլ» մրցույթի ղեկավար Թոմաս Բերգերը։
Այժմ Լուսինեն պատրաստվում է սեպտեմբերի 20-30-ը Ավստրիայում կայանալիք Ֆրից Կրեյսլերի անվան ջութակահարների 7-րդ միջազգային մրցույթին, որը հովանավորելու է «Գագիկ Ծառուկյան հիմնադրամը»։
Երվանդ Մարեյան