Շնորհ, լույս և հարթ շարժումներ. երբ սիրտը միաժամանակ գեղեցիկ երաժշտություն է նվագում հույզերի հետ, նշանակում է՝ դուք ականատեսն եք տիեզերքի ու ժամանակի իրական իմաստն արտացոլող արվեստին՝ բալետին: Քչերը գիտեն, թե ինչ ծանր աշխատանք է թաքնված այդ սահուն շարժումների հետևում, ու երբեմն ինչ զոհողությունների են գնում բալետի արտիստներն արվեստի կատարելագործմանը հասնելու համար: BlogNews.am-ը այս ու այլ հարցերի մասին զրուցել է բալետի առաջատար մենապարուհի Սոնա Վարդանյանի հետ ու ներկայացնում է գեղեցիկ ֆոտոշարք՝ արված քաղաքի փողոցներում, պարզ հագուստով:
Բալետը հաղթանակ է, որը տրվում է արյամբ ու քրտինքով
Բալետն անսահման քնքշություն և նրբություն է ենթադրում, բայց ոչ ոք չգիտի, թե այդ գեղեցկությունն ինչ արժեք ունի մեզ՝ պարողներիս համար: Բալետի արտիստ դառնալու համար, իհարկե, տաղանդ է պետք, բայց ամեն ինչ աշխատասիրությունից է կախված: Իրականում շատ պատահական եմ ընտրել բալետը, ուղղակի համապատասխան տվյալներ ունեի:
Պրոֆեսիոնալ դառնալու համար պետք է մի ամբողջ կյանք նվիրել բալետին
Նախքան բեմում հայտնվելն արտիստն անցնում է բավական դժվար ու զրկանքներով լի ճանապարհ: Ամեն ինչ սկսվում է վաղ հասակից: Սովորելով դասական պարի բաժնում՝ գնալով կատարելագործել եմ հմտություններս ու այսօր մենապարուհի եմ՝ ընդգրկված թատրոնի ռեպերտուարային գրեթե բոլոր ներկայացումներում: Տաղանդ, աշխատասիրություն, դերասանական շնորհ ու զարգանալու անհագ ցանկություն. այս ու մի շարք այլ որակներ են պահանջվում բալետի արտիստներից լավագույնին հասնելու համար: Դրան զուգահեռ՝ ես միշտ փորձում եմ լայնացնել իմ մտահորիզոնը, քանի որ արտիստը պետք է ունենա ինտելեկտ և հարուստ ներաշխարհ:
Բալետը հոգեվիճակ է
Տեխնիկան առանց հոգեվիճակի անհար է։ Այսօր ցանկությունս մեկն է՝ արժանի լինել բալետի առաջատար մենապարուհու կոչմանն ու միշտ հանդիսատեսի համար հաճելի լինել, իսկ մնացած կոչումները տարիների ընթացքում ձեռք կբերեմ, եթե ոչ, ապա հաստատ չեմ տխրի:
Բեմն ուժեղներին է սիրում
Բալետի արտիստը պետք է շատ ամուր կամք ունենա: Մինչև երազանքների իրականացում ճանապարհը հեշտ չի եղել: Առաջին հիասթափությունս եղել է դպրոցական տարիներին, ու շնորհակալ եմ ծնողներիս, որ այդ ընթացքում նրանք կողքիս էին ու չթողեցին, որ կայացնեմ կյանքիս ամենասխալ որոշումը: Հետո, իհարկե, հիասթափությունների շարքը շարունակվել է, բայց այդ ժամանակ արդեն հասկացել եմ, որ պետք է հաղթահարեմ և անցնեմ առաջ: Գիտակցել եմ, որ եթե կոտրվեմ, դրանից ավելի լավ չի լինի: Մեր մասնագիտության ամենացավոտ կողմը երևի թե այն է, որ շատ վաղ տարիքում ենք ստիպված լինում թողնել բեմը:
Ամբողջությամբ՝ blognews.am