26-ամյա ամերիկաբնակ Նարեկ Հովսեփյանի այս ցանկությունն իրականություն դառնալու լայն հեռանկարներ ունի։ Նարեկի երաժշտությունն իսկապես թարմ, գրագետ ու էմոցիոնալ է, նա փորձում է ուսումնասիրել ամերիկյան երաժշտական շուկան, չկրկնվել եւ իր ուրույն տեղը գրավել աշխարհի երաժշտության մեջ։ «Ես հստակ ոճ չունեմ, իմ ստիլը նրանում է, որ ստիլ չկա։ Ոնց ուզում եմ, այնպես էլ շարժվում եմ։ Խառնում եմ իրար ռեփն ու ռոքը, մի քիչ էլ արեւելյան էլեմենտներ մտցնում։ Հասարակ, հստակ ստիլով աշխատել չեմ ուզում»,- ասում է Նարեկը, ով Ամերիկայում սկսում է ճանաչում ձեռք բերել A Chilla բեմական անունով։
Նարեկը 15 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես, մի քանի տարի աշխատել է կատակերգական թատերախմբում, հետո սկսել է երաժշտություն գրել, թեեւ երաժշտական կրթություն չունի եւ նույնիսկ նոտաներ չգիտի։ «Ճիշտն ասած, չեմ էլ ուզում սովորել, չեմ ուզում ռոբոտացվել։ Ես երաժշտությունը չեմ գրում, երաժշտությունը գալիս է, ես էլ լսում եմ»,- ասում է նա։
Երգի ինդուստրիան, սկսած մեղեդու արարումից՝ վերջացրած տեսահոլովակով, ավելի ու ավելի է հաշվարկվում ու ավտոմատացվում։ Վաղուց հաշվարկվել են եւ լսարանի ցանկությունները, եւ երգերի մատուցման բոլոր հնարավոր քայլերը։ Նոր ոճի, օրիգինալ երաժշտական գործ ստեղծելն անհնար է թվում։ «Բոլորն էլ ցանկանում են նոր ոճի երաժշտություն ստեղծել, նոր հնչյուն կամ գոնե օրիգինալ ձայն հնարել, որպեսզի լսողը միանգամից չհասկանա՝ սա դուդո՞ւկ է, թե՞ կիթառ։ Հաճախ հենց այդպես էլ ճանաչում են, ասում են՝ դու այս ձայնի հեղինակն ես»,- ասում է Նարեկը։ Նորը եւ օրիգինալը երաժշտության մեջ Նարեկի համար սկզբում ռեփն էր։ Նա հպարտությամբ հիշում է, որ առաջին հայն էր, ով սկսեց ռեփ երգել։ Եվ որպես լավագույն ռեփ ալբոմի հեղինակ նա 1999 թվականին ստացավ հայ-ամերիկյան երաժշտական Օսկարը՝ «Անուշը»։ Հետո սկսեց գործիքավորել եւ վաճառել իր երգերը։ Լոս Անջելեսի ամենահայտնի ռադիոկայանի սեւամորթ դիջեյներից կազմված «Good Fellas» դուետը՝ լսելով, որ կա հետաքրքիր, ոչ «սեւական», այլ հայ ռեփ հեղինակ, Նարեկից հինգ գործ գնեց։ Շուտով լույս կտեսնի նրանց նոր ձայներիզը։ «Այդ CD-ի մեջ մեծ փողեր են դրվել, մեծ ռեկլամ է արվել։ Կարծում եմ, որ երբ CD-ն դուրս գա, հաջողություն կունենա»,- ասում է Նարեկը։
Որոշ ժամանակ հետո ռեփ երաժշտությունը նրան սկսեց պարզ եւ նեղ թվալ, քանի որ «ռեփ անողներից շատերը երաժիշտներ չեն, երաժշտությունը կոմպյուտերով են հավաքում»։ Նա որոշեց «անել այնպիսի երաժշտություն, որը ոչ ոք չի անում»։ Ընդ որում, լսելով Նարեկի երգերը, երբեք չես ասի, որ երգերի հեղինակը նույն մարդն է, այնքան տարբեր ու յուրօրինակ են նրանք։ Նոր, անորսալի ուղղության երգերը Նարեկը նախընտրում է վաճառել դեռ քիչ հայտնի երգիչներին, քանի որ ուզում է, որ նրանց հաջողության հիմքում լինի հենց իր երաժշտությունը։ Հաճախ հետեւում է ձայնագրության ընթացքին, որպեսզի` «ամեն ինչ իմ ճաշակով լինի»։ Նարեկը շատ զգույշ եւ հաշվենկատ երիտասարդ է, նա փորձում է չշտապել եւ արագորեն «աստղ» դառնալ չի ուզում։ «Ես համարյա միշտ իմ աշխատանիքից գոհ չեմ լինում, թվում է, որ ավելի լավ կարող էի անել»,- ասում է նա։ Նարեկի կարծիքով՝ ամերիկյան երաժշտական դաշտում տեղ գրավելու համար պետք են ծանոթություններ, կապեր կամ գոնե ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել։ «Սա այնպիսի բիզնես է, որտեղ հանկարծ մի րոպեում կարող է կյանքդ փոխվել»,- հասկացել է նա։ «Լսեցին, հավանեցին, պատվիրեցին» շղթան ամբողջական է եւ երգի բիզնեսում առաջ գնալու երեւի թե միակ ճիշտ ուղին է։ Մոտ հարյուր երգի հեղինակ Նարեկ Հովսեփյանը սկսել է երգեր վաճառել հազար դոլարով, հետո՝ շուկայի պահանջարկի համաձայն՝ գինը բարձրացել է եւ դարձել հինգ հազար դոլար։ «Երգեր կան, որ 200 հազար դոլարի են հասնում, ռեփի հսկաներն իրենց երգերն այդքանով են վաճառում։ Ռեփի աշխարհը մուլտիմիլիոնանոց բիզնես է։ Մի ձայներիզի վրա մեկ-երկու միլիոն են ծախսում, հետո էլ ճիշտ ռեկլամի շնորհիվ՝ հինգ-վեց միլիոն ետ բերում»,- ասում է նա եւ համբերատար սպասում, որ սեւամորթ կատարողները եւ խմբերն իր երգերով հայտնի կդառնան։
Նարեկ Հովսեփյանը շատ է ուզում Հայաստանի երգիչների հետ աշխատել, պատրաստ է ոչ թե վաճառել, այլ նվիրել երգերը, եթե, իհարկե, իր եւ երգչի «ճաշակները համընկնեն»։ Հավանում է Արթուր Իսպիրյանին, Սիրուշոյին եւ «Հայ տղերքին», բայց նկատում է, որ նոր բան երաժշտական ասպարեզում չի կատարվում։ «Նորություն այստեղ չեմ լսում։ Կարծես այստեղ բոլորն իրար նման են, իսկ Ամերիկայում շատ տարբեր են, այդ պատճարով էլ Ամերիկայում հաջողության հասնելը դժվար է, երեք րոպեանոց երաժշտության մեջ պետք է կարողանաս ամեն մեկի սրտին դիպչել։ Եթե երաժշտությունն ամերիկյան ստանդարտներին համապատասխան չի, դժվարությամբ են ընդունում, պետք է սովորեցնել լսողին նոր ոճին, երգն անընդհատ «պտտել» ռադիոյով եւ հեռուստատեսությամբ»,- ասում է նա։ Ամերիկյան բիզնեսի կանոններին ծանոթ հայ երիտասարդը տաղանդավոր եւ համառ է, իր հիմնած «Chillabeats Productions» ստուդիայի համար գնել է նորագույն ձայնագրման սարքավորումներ, որտեղ ստեղծագործում ու գործիքավորում է։ Նա ունի լայն երաժշտական հետաքրքրություններ, երազում է, որ իր գործերը կատարի սիմֆոնիկ նվագախումբը։ Իսկ ամենահետաքրքիր երեւանյան երաժշտական իրադարձությունը համարում է մի քանի օր առաջ տեղի ունեցած 70-ական թվականների երգերի համերգը։ «Մեծ հաճույքով լսեցի Ռուբեն Մաթեւոսյանին, Ռաիսա Մկրտչյանին, Ջիվան Գասպարյանին եւ ուրիշ հին լավ երգիչներին։ Դա շատ մեծ բան էր ինձ համար, որովհետեւ ես Հայաստանում մեծացել եմ լավ երաժշտություն լսելով։ Ընկերներ ունեմ Ամերիկայում, ովքեր երբեք չեն լսել, ասենք, Ջեյմս Բրաունին կամ Սանտանային։ Էստեղ երաժշտական ֆոնը եւ երաժշտական էքսպերիմենտներն ավելի ճիշտ են եղել։ Այն, ինչ մանուկ ժամանակ լսել եմ, օգնել է ինձ՝ նոտա չիմանալով, երաժշտությունը հասկանալ»,- ասում է նա։
Նարեկը հավատացած է, որ իր ժամանակը դեռ չի եկել. «Վերջերս շատացել են պատվերները՝ ֆիլմերի համար եմ երաժշտություն գրում, ռեկլամային հոլովակներ ձեւավորում, սակայն Հոլիվուդից պատվեր դեռ չեմ ստացել։ Հենց որ ստանամ, տիտրերում արդեն իմ իսկական անունը կգրեմ, այլ ոչ թե բեմականը»:
Նունե Հախվերդյան
«168.am»