Մարդկության մոտ 17 տոկոսն այսօր հրաժարվում է կենդանական ծագում ունեցող սննդամթերքից:
Բուսակերների մի ստվար զանգվածն անգամ մեղր չի ուտում` հաշվի առնելով այն փաստը, որ մեղրը կենդանական ծագում ունի: Նրանց մի մասն էլ ռեստորանում կարող է պատվիրել հավի կրծքամսով ուտեստ` վստահեցնելով, որ այն «բուսական» ծագում ունի, այսինքն` դիետիկ սննդամթերք է համարվում:
Մարդիկ հաճախ ճիշտ չեն հասկանում, թե որն է բուսակերությունը: Երբ դուք թեյը խմում եք խմորեղենով, բայց հրաժարվում եք մսից ու ձկից, դա առիթ չէ` ձեզ բուսակեր համարելու համար: Իսկական բուսակերի կերակրացանկում պետք է լինեն միայն բուսական ծագում ունեցող սննդատեսակներ: Բացի այդ, իսկական բուսակերները` վեգանները, մսի հետ մեկտեղ չեն ուտում նաև այն բարիքները, որ ստեղծում են կենդանիները` կաթնամթերք, ձու, մեղր և այլն: Իսկ այս դեպքում սննդամթերքը չի կարող ապահովել օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամինների, հանքային աղերի քանակը: Օրինակ` օրգանիզմում կարող է առաջանալ կալցիումի պակաս, որը կհանգեցնի շատ վատ հետևանքների: Միակ ելքը սննդային հատուկ հավելումների միջոցով կալցիումի պակասը լրացնելն է: Լոբին ևս շատ քանակությամբ կալցիում է պարունակում: Քանի որ վիտամինները մեծ դեր ունեն օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար, ապա գոնե պետք է լրացուցիչ վիտամիններ ընդունել: Օրինակ` երկաթի պակասը օրգանիզմում կարող է առաջացնել սակավարյունություն, քանի որ արյունաստեղծ օրգան-համակարգերին անհրաժեշտ է երկաթ: Բուսակերության խիստ դիետաների ժամանակ B12 վիտամինի պակասից կարող է նկատվել երեխայի թերզարգացում: Այսօր բժիշկների մեծ մասը դեմ է բուսակերությանը` հաշվի անելով դրա ավելի շատ վնասները, քան օգտակարությունը: Օրինակ` կաթնաբուսակերների դիետան առողջության համար վտանգավոր չէ, քանի որ նրանք չեն հրաժարվում կաթնամթերքից:
Առհասարակ բուսակերությանն ու հումակերությանը վերաբերող խնդիրները լուրջ են: Դրանք շատ լուրջ սննդային «պրակտիկաներ» են: Նման դեպքերում ինքնուրույն որոշումներ կայացնելն այնքան էլ ճիշտ չէ, պետք է դիմել մասնագետի:
Ինչպես պետք է սնվեն բուսակերները հղիության ընթացքում
Հղիության ընթացքում շատ կարևոր է հետևել ճիշտ սնվելուն: Բուսակեր հղիների դիետան հագեցած պետք է լինի երեխային անհրաժեշտ վիտամիններով ու օգտակար նյութերով: Նախաճաշը կարող է բաղկացած լինել վարսակաձավարից ու խնձորի քերուկից, մրգային կամ բանջարեղենային պյուրեներից, ցորենի ալյուրից պատրաստված հացից ու ցանկացած մրգային ջեմից: Շատ օգտակար ու սննդարար է սոյայի կաթը: Ճաշին քաղցը կարելի է հագեցնել աղացած ոլոռով պատրաստված սուպով ու նորից բանջարեղենային աղցանով կամ բանջարեղենային սենդվիչներով: Ընթրիքին կարելի է պատրաստել կարտոֆիլով ու ոսպով տապակա: Թեթև սննդամթերք են համարվում ցուկատներն ու չրերը, որոնք նաև շատ վիտամիններ են պարունակում: Եթե դուք ճիշտ եք կազմակերպում ձեր սննդակարգը և հնարավորություն ունեք գնելու բարձրակարգ մթերք, ապա հատուկ վիտամինների գործածման անհրաժեշտություն չի զգացվի, քանի որ բուսակերների սնունդը միշտ էլ հարուստ է վիտամիններով: Միակ վիտամինը, որ բացակայում է բուսակերների սննդում, դա B12 վիտամինն է, որ անպայման պետք է ստանալ վիտամինային հավելումների տեսքով: