Մայրաքաղաքի գողտրիկ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածը բազմատեսակ գինիների, անուշաբույր ուտելիքների և ռիթմիկ երաժշտության հարթակի է վերածվել. մեկնարկել է «Երևանի գինու օրերը»: Երկօրյա միջոցառմանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության և Արցախի 25 գինի արտադրող ընկերություն, որոնք հանդես են գալիս ավելի քան 200 տեսակ գինիներով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ «Էվենտուրա» ընկերության համահիմնադիր և տնօրեն Մերի Բադալյանը նշեց, որ երկրորդ տարին անցկացվող միջոցառման հանդեպ ընկերությունների հետաքրքրությունը շատ մեծ է եղել այս տարի, իրադարձությունից երեք ամիս առաջ արդեն հայտերի ընդունումը փակել են: Անդրադառնալով միջոցառման կարևորությանը՝ Մերի Բադալյանը նկատեց, որ այն լավ առաջարկ է զբոսաշրջիկներին, ովքեր բացի մշակութային կոթողներից ցանկանում են նաև տոնակատարությունների մասնակից դառնալ: «Ինչպես գիտեք, աշխարհով մեկ զարգանում է իրադարձային զբոսաշրջությունը: Եթե մենք հետաքրքիր իրադարձություններ չստեղծենք, զբոսաշրջիկը կհոգնի անընդհատ նույն տեղը գնալուց: Սա տուր-օպերատորի համար շատ լավ գործիք է, որը կկարողանա վաճառել դրսում: Մարդիկ գնում-հասնում են Մյունխեն «October fest»-ին մասնակցելու համար, որտեղ ընդամենը միս ու գարեջուր են վաճառում, ուրախ տրամադրություն ապահովում: Մենք ուզում ենք «Գինու օրերը» դարձնել Հայաստանի մեծամասշտաբ միջոցառումներից մեկը»,-ասաց մեր զրուցակիցը:
Մերի Բադալյանը տեղեկացրեց, որ այս տարվա նորությունը մասնակից ընկերությունների մասին տեղեկատվական գրքույկների պատրաստումն է: Ռուսերենով և անգլերենով հասանելի գրքույկներում զետեղված է համապարփակ տեղեկատվություն գինի արտադրողների մասին, նրանց տուրերի, տեղակայման վայրի մասին: «Հայաստանի գինի արտադրողների մասին փոքրիկ տեղեկագիրքը փոքրիկ հուշանվեր է դառնում զբոսաշրջիկի համար, ով այն տանում է իր հետ տուն»,- հավելեց Մերի Բադալյանը:
Նախորդ տարի միջոցառմանը մասնակցած զբոսաշրջիկների արձագանքներից կազմակերպիչը հիշեց այս մեկը՝ «Եթե Երևանի գինու օրերին չեք մասնակցել, Հայաստանը չեք տեսել»:
Զբոսաշրջիկները փառատոնը ստացված են համարում
Կնոջ հետ Սարյանում ճեմող ու խորոված համտեսող Անդրեյ Կուստարյովն ասաց, որ արդեն հասցրել են երեք-չորս տեսակ գինի փորձել. որոշները հավանել են, որոշները՝ ոչ:
«Միջոցառման մասին իմացել ենք մեր հյուրանոցից, որոշեցինք գալ ու տեսնել: Փառատոնը իսկապես շատ լավն է»,-ասաց մեր զրուցակիցը: Նա նշեց, որ մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում են և հասցրել են այցելել մի շարք զբոսաշրջային վայրեր:
Ավստրալիայից Հայաստան ժամանած Դինա Շորփանթիեին և նրա կողակցին ևս փառատոնը դուր է եկել: «Մինչև հիմա ամեն ինչ շատ գեղեցիկ է, մի քանի գինի արդեն համտեսել ենք: Մենք Ավստրալիայից ենք, այնտեղ հաճախ ենք ունենում այսպիսի սննդի ու խմիչքների փառատոններ, ուրախ ենք այս անգամ Հայաստանում մասնակցել նման փառատոնի»,- ասաց զույգը:
Իրանից Հայաստան բնակության նպատակով տեղափոխված Տիգրան Ավագյանն էլ «Երևանի գինու օրերին» մասնակցում էր կնոջ և փոքրիկ դստեր հետ: Զրույցի պահին համտեսում էր կարմիր գինի: «Առաջին անգամն է, որ մասնակցում ենք: Շատ լավ միջավայր է»,-ասաց մեր Տիգրան Ավագյանը: Միջոցառման մասին իմացել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից, ընկերներին ևս տեղեկացրել են, որ գան ու մասնակցեն: Ասում են, որ Իրանում փակ միջավայր է, նման փառատոններ շատ չեն կազմակերպվում, հետևաբար, այն կարող է իրանցի զբոսաշրջիկների համար ևս հետաքրքիր լինել:
Գինի արտադրողները կարևորում են նաև փառատոնի կրթական բաղադրիչը
Երկրորդ տարին միջոցառմանը մասնակցող «Armenia Wine» ընկերության տուրիզմի բաժնի պատասխանատու Սյունե Բարսեղյանի խոսքով՝ վերջին տասը տարիներին գինեգործության ոլորտը մեծ զարգացում է ապրել Հայաստանում, իսկ նմանատիպ փառատոնները նաև կրթական նշանակություն ունեն: «Ժողովուրդը ծանոթանում է գինու մշակույթին, սովորում է ինչպես գինին ըմպել, ինչպես համադրել այն սննդի հետ, ինչն ավելի հետաքրքիր է դառնում թե մասնավոր ոլորտի, թե սպառողի համար: Սպառողը սկսում է ճանաչել խաղողի սորտերը, տարբեր արտադրողների առանձնահատկությունները, պատրաստման տեխնոլոգիաները, իսկ արտադրողի համար հետաքրքիր է լինելու, քանի որ պահանջարկն ավելի գիտակցված ու խիստ է դառնում»,- ասաց Սյունե Բարսեղյանը:
Նա կարևորեց միտումը, որ հայ սպառողները գնալով գերադասում են հայկական գինիները ներկրվածից, իսկ արտասահմանցիների շրջանում բարձրանում է իրազեկվածությունը հայկական արտադրանքի հանդեպ:
«Նոյան Տապան» ընկերության ներկայացուցիչ Կարեն Զուրաբյանն էլ նշեց, որ ԱՀՊ-ում, Եվրոպայում և ԱՄՆ-ում գործող իրենց ընկերությունն արդեն մեկ տարի է, ինչ ներկայացված է նաև Հայաստանում, իսկ միջոցառմանը հանդես է գալիս Արենի սորտից պատրաստված կարմիր ու Կաստել խաղողից ստացված սպիտակ գինիներով: «Այցելուներին առաջարկում ենք սպիտակից սկսել, վաղը գալ կարմիրի հետևից, քանի որ սկզբնամասում ենք գտնվում, ճիշտ է սպիտակից սկսելը, որ գլխացավ, սրտխառնոց չսկսվի գինիները խառնելու պատճառով»,-ասաց ընկերության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ գինի նախընտրում են հիմնականում 20 տարեկանից բարձրերը, հատկապես կանայք: «Տղամարդիկ ավելի շատ կարմիր գինի են նախընտրում, իսկ կանայք՝ սպիտակ, դրա համար միշը սպիտակն ավելի շատ է վաճառվում, քան կարմիրը: Կանայք ավելի շատ են խմում գինի, քան տղամարդիկ»,- հավելեց Կարեն Զուրաբյանը:
Բոլոր նրանք, ովքեր այսօր չեն կարողացել մասնակցել Գինու օրերին, կարող են հաճելի միջավայրում գինի համտեսել մայիսի 12-ին: