Դերասանուհի Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք ունի, որտեղ ներկայացել է հիփ հոփ ոճում: Life.panorama.am-ին Լիան պատմել է ֆոոշարքի մանրամասների և կերպարի ընտրության մասին:
«Ինչպես նախորդ ֆոտոշարքերիս դեպքում, այս անգամ ևս աշխատել եմ իմ լավ ընկերուհի, լուսանկարիչ Լունա Դաշյանի հետ: Մենք իրար շատ լավ ենք հասկանում, ես նրան լիովին վստահում եմ: Այս անգամ էլ նա է ընտրել նկարահանման վայրը, իմ ոճը, հագուստը և անգամ իմ նկարվելու դիրքերն ու հայացքները»,- պատմեց Լիան:
Դերասանուհին նկատեց, որ արդեն երրորդ ֆոտոշարքն է, ինչ նկարահանման ընթացքում անձրև է գալիս: Բայց ինչպես նախորդ երկու դեպքերում, այս անգամ ևս եղանակային պայմանները չեն խանգարել:
«Լունա Դաշյանը հիմա արդեն կատակում է՝ ասելով, որ անձրևը մեզնից անպակաս է, բայց ուրախ եմ, որ թե ինձ, թե նրան այն չխանգարեց և անգամ հակառակը. Կարծում եմ՝ անձրևի շնորհիվ նկարներն ավելի հետաքրքիր են ստացվել»,- հավելեց նա:
Խոսելով իր կերպարից՝ Լիան նշեց.
«Ես այս անգամ ներկայացել եմ փողոցային ոճում, որը բավականին գունեղ ու հետաքրքիր է: Հիփ փոփ ոճը սկսել եմ սիրել «OutDance» սիթքոմց հետո, առհասարակ ասեմ, որ այս սիթքոմից հետո իմ առօրյա ոճը ևս շատ է փոխվել: Իմ զգեստապահարանում հիմա շատ են նման հագուստները»:
Լիա Զախարյանի փոխանցմամբ՝ նոր ֆոտոշարքից հետո աևձագանքներն իրեն անգամ զարմացրել են.
«Շատ հետաքրքիր կարծիքներ եմ լսել, բայց ամենահետաքրքիրն այնն էր, որ արձագանքներ եղան անգամ նրանց կողմից, ովքեր երբեք չեն արձագանքել ինձ հետ կապված որևէ բանի վերաբերյալ»,- նկատեց նա:
Վերջին շրջանում Լիան հաճախ է տարբեր ֆոտոշարքեր իրականացնում, իսկ թե ինչով է դա պայմանավորված, նշեց.
«Այո, ես պարբերաբար տարբեր ֆոտոշարքեր եմ ներկայացնում, որովհետև կարծում եմ, որ որպես դերասանուհի՝ պետք է հաճախակի փոխեմ կերպարներս, և տարբեր իրավիճակներում ներկայացնելով ինձ՝ հուշեմ, թե ինչպիսի կեպարներով կարող եմ հանդես գալ: Եվ բացի դա, իմ ֆոտոշարքերին սպասում են նաև երկրպագուներս, որոնք մշտապես իրենց ոգևորիչ խոսքերով ուրախացնում են ինձ»: