Երևանի Կենդանաբանական այգում նախորդ տարեվերջին և այս տարվա ընթացքում երկու տասնյակից ավելի կենդանիներ, այդ թվում՝ բացառիկ, սատկել են ծանր հիվանդությունից, սակայն այդ իրողությունն այգու տնօրինությունը հանրությունից գաղտնի է պահել։
Aysor.am-ի աղբյուրները փոխանցում են, որ սատկած կենդանիների թվում են ուղտայծեր (լամաներ), դավթի եղջերու, որն ընդգրկված է բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում, կամերունյան այծ, որը երևանյան կենդանաբանական այգում եղել է դեռևս 2012 թվականից, այծյամ (կխտար), ինչպես նաև այլ կենդանիներ ու թռչուններ։
Մեր տեղեկությունը փորձեցինք ճշտել նաև Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանից և հասկանալ՝ ինչու է այգու տնօրինությունը այդ տեղեկությունը թաքցրել հանրությունից։ Սակայն Խաչատրյանի հետ կապ հաստատելու մեր փորձերը անցան ապարդյուն՝ նա կամ անհասանելի էր, կամ չէր պատասխանում զանգերին։
Սակայն մեր ունեցած տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին հենց այգու աշխատակիցները, ովքեր ամենօրյա շփման մեջ են կենդանիների հետ:
«Լամաները չկան, այս տարի վարակ եղավ ու հիմա չկան», – մեր թղթակցին ասաց այգու աշխատակիցներից մեկը։
Նրա խոսքով՝ հիվանդությունը, որից անկել են կենդանիները, վարակիչ է եղել, և այժմ կենդանիներից շատերը կարանտինի մեջ են։
«Լամաները մի 8-10 կլինեին, հիմա մի հատ ա, էն էլ էս վերջերս են բերել», – ասաց մեկ այլ աշխատակից։
Դավթի եղջերուի սատկելու մասին տեղեկությունը հայտնեց այգու երիտասարդ աշխատակիցներից մեկը. «Դավթի եղջերուն էլ չկա, նա ու էլի շատ կենդանիներ հիվանդացել էին թոքաբորբով։ Նրան ու էլի մի քանիսին ստիպված եղանք քնեցնել, որպեսզի հիվանդությունը չտարածվի ամբողջ այգու կենդանիների վրա»։
Ըստ որոշ տեղեկությունների՝ անկած կենդանիներին թաղել են Արմավիրի մարզի տարածքում։
Նշենք, որ Երևանի կենդանաբանական այգում կենդանիների սատկելու մասին տեղեկությունը գաղտնի պահելը առաջին անգամ չէ, և այդ մասին լրատվամիջոցները բազմիցս գրել են։
Aysor.am-ը պատրաստ է հրապարակել այգու տնօրինության տեսակետը։