1979 թվականի աշնանային մի օր ներքին գործերի Երևանի վարչությունում ահազանգ է հնչել, որ ավազակային հարձակում է կատարվել Զեյթունի փոստատան բաժանմունքի վրա:
Դեպքի վայրում փոստատան սարսափահար պահակը հայտնել է, թե երկու տղամարդ, մեկը՝ բարձրահասակ, ատլետիկ կազմվածքով, շիկահեր, մյուսը՝ կարճահասակ, գիրուկ ու թխամաշկ, շատ շտապ զանգելու խնդրանքով գիշերը թակել են փոստատան դուռը, ասել են՝ «կյանքի ու մահվան հարց է, շտապ պիտի զանգենք, աղաչում ենք…»:
Պահակը նրանց հավատացել և դուռը բացել է: Բայց անծանոթները ոչ մի տեղ չեն զանգել: Նրանք հարձակվել են պահակի վրա, խփել ու սպառնացել են, ապա հափշտակելով պահակի զենքը՝ փախել են:
Երեք օր անց երկրորդ ահազանգն է հնչել՝ երկու անհայտ անձինք հարձակվել են Երևանի Շահումյանի շրջանում գտնվող կոշիկի ֆաբրիկայի պահակի վրա և հափշտակել են զենքը:
Հարձակումը կատարվել էր նույն սցենարով, որով հարձակվել էին փոստատան պահակի վրա: Հարձակվողների նկարագրությունը նույնպես նույնն էր: Ավազակների ձեռքին արդեն երկու հափշտակված զենք կար:
Իրավապահները եկել են եզրակացության, որ պահակների զենքերը հափշտակողները նախապատրաստվում են «լուրջ» հանցագործության, որի ժամանակ հնարավոր է՝ գործադրեն հափշտակված զենքը:
1979 թվականի նոյեմբերի 10-ին, երբ օպերայի և բալետի թատրոնի շենքում Միլիցիայի օրվան նվիրված հանդիսավոր նիստն էր ընթանում, ահազանգ է հնչել, որ Կոմիտասի 1 հասցեում գտնվող կահույքի խանութի վրա զինված ավազակային հարձակում է եղել:
Խանութի փակվելուց րոպեներ առաջ երկու տղամարդ ներխուժել էին կահույքի խանութ ու զենքերով սպառնալով՝ պահանջել էին օրվա առևտրից ստացված ամբողջ հասույթը:
Խանութի վարիչը վստահեցրել էր, որ քիչ առաջ ամբողջ գումարը ինկասացիան տարել է: Ավազակները չէին հավատացել ու կրակ էին բացել: Նախ կրակել էին առաստաղին, ապա՝ խանութի վարիչի ուղղությամբ, բայց գնդակը մխրճվել-մնացել էր վարիչի համար որպես վահան ծառայած աթոռի մեջ: Կրակոցները ոչինչ չէին փոխել, վարիչը նույն բանն էր պնդել՝ խանութում փող չկա: Ավազակները ձեռնունայն հեռացել էին:
Փորձաքննությամբ պարզվել է, որ կրակոցներն արձակվել են օրեր առաջ երկու պահակներից հափշտակված զենքերից:
Ավազակների արտաքինի նկարագրությունը նույնպես համապատասխանում էր պահակների նկարագրածին:
Իրավապահները չեն բացառել, որ ավազակները շուտով կկատարեն հաջորդ հարձակումը, մանավանդ որ կահույքի խանութի վրա կատարված հարձակմամբ ոչինչ չէին հափշտակել, իսկ զենքերը անկասկած՝ հափշտակել էին կոնկրետ նպատակով:
Շուտով Խորհրդային շրջանի ՆԳ բաժնում տեղեկություն է ստացվել, որ երկու ամիս առաջ ինչ-որ մարդիկ ցանկացել էին զենք գնել: Մի քանի օրվա ընթացքում պարզվել է, որ զենք փնտրողները եղել են Զեյթունցի Անդոն, որ բնակարանային գողությունների «ոլորտում» «հեղինակություն» էր համարվում, և՝ Ալիկ Սելդիշևը՝ ավազակային հարձակումների «մասնագետը»:
Ամբողջությամբ՝ 1in.am