Անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար առաջարկվում են մի շարք մեթոդներ, որոնք տարբեր մեխանիզմներով խոչընդոտում են ձվաբջջի բեղնավորմանը: Հակաբեղնավորիչ մեթոդի արդյունավետության գնահատման համար օգտագործվում է Պերլի ինդեքսը, որը ցույց է տալիս, թե մեկ տարվա ընթացքում այս կամ այն մեթոդը կիրառող 100 կնոջից քանիսն են հղիացել: Չպաշտպանված հարաբերություններում Պերլի ինդեքսը տատանվում է 80-85 տոկոսի միջև, որքան ինդեքսը ցածր է, այնքան հակաբեղմնավորիչի արդյունավետությունը բարձր է:
Հակաբեղնավորիչ միջոցները կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝
- Բնական կամ ֆիզիոլոգիական
- Մեխանիկական կամ պատնեշային
- Դեղորայքային
- Քիմիական
- Ներարգանդային
- Վիրաբուժական
Բնական միջոցները հիմնված են մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների վրա
- Հաշվի է առնվում կնոջ դաշտանային ցիկլի պարբերականությունը և խորհուրդ չի տրվում չպաշտպանված (առանց պահպանակի) սեքսով զբաղվել «վտանգավոր» օրերին, այն է ձվազատման ժամանակ: Այս մեթոդը ունի իր թերությունները, քանի որ նույնիսկ առողջ կնոջ մոտ երբեմն հնարավոր են դաշտանային ցիկլի պարբերականության խախտումներ: Ամեն դեպքում այս մեթոդը կիրառելիս ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ (Պերլի ինդեքսը՝ 25-40):
- Մյուս բնական մեթոդը ընդհատված սեռական ակտն է, երբ սերմնաժայթքումը կատարվում է կնոջ սեռական օրգաններից դուրս: Այս մեթոդը նույնպես չի առանձնանում մեծ հավաստիությամբ և բացի այդ, ունի նաև որոշակի հոգեբանական բաղադրիչ՝ կապված ոչ լրիվ սեռական ակտի հետ (Պերլի ինդեքսը՝ 4-27):
- Հղիությունից հետո լակտացիայի (կաթնարտադրության) և կրծքով կերակրելու ժամանակահատվածում կնոջ օրգանիզմը մինչև 6 ամիսների ընթացքում կարող է պաշտպանված լինել կրկնակի հղիանալուց: Պետք է հաշվի առնել, որ հղիանալու հավանականությունը աստիճանաբար մեծանում է ծննդաբերությունից հետո (Պերլի ինդեքսը՝ 2-3):
Մեխանիկական միջոցները խոչընդոտում են ձվաբջջի և սպերմատազոիդների միացումը և հետևաբար բեղմնավորումը
Ամենահայտնի մեխանիկական միջոցը պահպանակն է: Ընդ որում տարբերում են ինչպես տղամարդկանց (Պերլի ինդեքսը՝ 2-18), այնպես էլ կանանց (Պերլի ինդեքսը՝ 5-25) պահպանակներ:
Արգանդային կափարիչը տեղադրվում է արգանդի վզիկի վրա և պատնեշ է ստեղծում դեպի արգանդ սերմի ներթափանցման ճանապարհին (Պերլի ինդեքսը՝ 9-20):
Ամբողջությամբ՝ mymed.am