Անշարժ գույքի շուկայում գների աճը Հոնկոնգն առաջին տեղն Է դուրս բերել օտարերկրյա ընկերությունների աշխատակիցների ապրելու համար աշխարհի ամենաթանկ քաղաքների ցուցակում: Այդ մասին վկայում են Mercer միջազգային կոնսալտինգային ֆիրմայի կողմից հրապարակված տվյալները:
Ուսումնասիրության շրջանակներում հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են բնակարանի, տրանսպորտի, սննդի, հագուստի, ժամանցի ու ծառայությունների արժեքը, ինչպես նաև այնտեղ օգտագործվող ազգային արժույթների փոխարժեքների տատանումները: Որպես հիմք վերցվել Է Նյու Յորքի կենսամակարդակը: Հոնկոնգն առաջատարն Է բնակարանի վարձակալման գներով, որոնք աճում են 17 ամիսն անընդմեջ: Երկու ննջարանով հարկաբաժնի ամսական վարձակալման արժեքն այստեղ միջին հաշվով կազմում Է 7671 դոլար՝ Նյու Յորքի 5,7 հազար դոլարի համեմատությամբ:
Այսպես, մեկ գավաթ սուրճը քաղաքում նստում Է 7,74 դոլար, իսկ 1 լիտր կաթը՝ 3,78 դոլար: Երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են Տոկիոն և Ցյուրիխը: Առաջատարների տասնյակում են հայտնվել նաև Սինգապուրը, Սեուլը, Անգոլայի մայրաքաղաք Լուանդան, Շանհայը, Նջամենան (Չադի Հանրապետություն), Պեկինը և շվեյցարական Բեռնը: Հետազոտության հեղինակները Մոսկվան կարգել են 17-րդ տեղում: Արտասահմանցի մասնագետների ապրելու համար նվազագույն ծախսեր պահանջող քաղաքներ են ճանաչվել ղրղըզական Բիշքեկը, Թունիսը (համանուն հյուսիսաֆրիկյան երկրի մայրաքաղաքը) և Տաշքենդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: