Հայաստան-Ռուսաստան․ հարաբերությունների գույքագրման հրատապ անհրաժեշտություն. independent.am
Advertisement 1000 x 90

Հայաստան-Ռուսաստան․ հարաբերությունների գույքագրման հրատապ անհրաժեշտություն. independent.am

2013 թվականի սեպտեմբերի 3-ին Երևանի կողմից ընդունված որոշումն[1]՝ անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը, հրաժարվելով Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրից պայմանավորված էր գլխավորապես Մոսկվայի՝ վերջնագրային բնույթի պարտադրանքով, ինչը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ընկալման մեջ խորը հետք թողեց և ձևավորեց համեմատաբար  նոր կարծրատիպ։ Ըստ այդմ, Մոսկվան եղել և մնում է որոշիչ և անհաղթահարելի գործոն Հայաստանի և արտաքին աշխարհի միջև հարաբերությունների հաստատման ձևաչափերում։

Ի վերջո, հինգ տարի առաջ Մոսկվան գործի դրեց ունեցած բոլոր լծակները և հասավ նրան, որ գրեթե չորս տարի շարունակ տևած և հաջողությամբ պսակաված՝ ԵՄ հետ բանակցային գործընթացից Հայաստանը հրաժարվի մեկ գիշերվա մեջ, հայտարարի իր «ցանկության» մասին մտնելու մի միություն, որը մինչ օրս պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում, բացի Մոսկվայի նեոկայսերական քմահաճույքները բավարարելուց։

Որո՞նք էին այդ լծակները։ Անշուշտ, գլխավորներից մեկը՝ զինամատակարարումներն[2] էին, որոնք աննախադեպ չափերով 2010 թվականից ուղղվեցին դեպի Ադրբեջան, խախտելով տարիներով ձևավորված համեմատական հավասարակշռությունը, մինչդեռ դեպի Հայաստան դրանք կարող էին ուղղակի դադարեցվել, ինչի մասին ուղիղ տեքստով սկսեցին խոսել ռուս «փորձագետները»[3], սպառնալով Երևանին, որ հետայսու Հայաստանը կարող է գործ ունենալ Մոսկվա-Բաքու ռազմական դաշինքի հետ՝ իր բոլոր հետևանքներով։

Անցած քսան տարվա ընթացքում տարվող քաղաքականության արդյունքում կենսական կարևորության ճյուղերը հայտնվեցին ռուսական կորպորացիաների սեփականության կարգավիճակում և դարձան մենաշնորհներ, ինչը թույլ տվեց Ռուսաստանին էներգակիրների գին թելադրել, պարտքեր գոյացնելով և պարտքի դիմաց է՛լ ավելի ընդլայնելով իրենց սեփականությունը և հնարավորությունները Հայաստանում։

Եվ ցանկացած՝ Ռուսաստանի համար ոչ շահավետ զարգացումների պարագայում Հայաստանը կարող էր ուղղակի կաթվածահար լինել։

Եվս մեկ կարևոր լծակ էր բազմահազարանոց աշխատանքային արտագաղթը Հայաստանից Ռուսաստան, և հաշվի առնելով օտարատյացության հողի վրա բռնությունների աճը երկրի խոշոր քաղաքներում, հայերը կարող էին վերածվել հարձակման թիրախների, երբ պետական պրոպագանդան նրանք սկսեր որակել որպես «Ռուսաստանի դավաճանների»։

Հայաստանի իշխանությունները չունեին ամրության պաշար, որպեսզի կարողանային դիմագրավել նման մարտահրավերին ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանի ներսում։ Ռուսաստանի ներկայացուցիչները բաց տեքստով ուղղակի սպառնում էին, որ Հայաստանում 2013-ի աշնանը կարող է սկսվել սոցիալական ընդվզում՝ իշխանության «սխալ քաղաքականության պատճառով»։

Ռուբեն Մեհրաբյան

Ամբողջությամբ՝ independent.am