Գերմանական Audi ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց երկրորդ սերնդի Q3 քրոսովերը: Աբողջովին թարմացվել են մոդելի արտաքին տեսքն ու սրահի դիզայնը, այն դարձել է ավելի մեծ ու ընդարձակ և համալրվել է նոր գերժամանակակից լուծումներոով, ինչպիսին է, օրինակ, սարքավորումների 12.3-դյույմանոց վիրտուալ վահանակը:
MQB մոդուլային հենահարթակի հիման վրա կառուցված նորույթի գաբարիտային երկարությունը կազմում է 4485 միլիմետր, լայնությունը՝ 1856 միլիմետր, բարձրությունը՝1585 միլիմետր, իսկ անվային բազան հասցվել է 2680 միլիմետրի: Այսպիսով ամենագնացը 97 մմ ավելի երկար է, 25 մմ ավելի լայն ու 5 մմ ավելի ցածր, քան նախորդ սերնդի Q3-ը: Սռնիների միջև առկա տարածությունը մեծացել է 77 մմ, ինչը թույլ է տվել ստանալ ավելի ընդարձակ երկրորդ շարք:
Հետևի նստատեղերը կարելի է տեղաշարժել դեպի առաջ կամ հետ 150 մմ, իսկ դրանց թիկնակները կարգավորվում են 7 հարաչափով: Դեպի առաջ տեղաշարժված նստատեղերով՝ բեռնախցիկի ծավալը կազմում է 675 լ, իսկ եթե թիկանկները ծալվեն ամբողջոթյամբ, ապա այն կարելի է հասցնել 1525 լիտրի: Բեռնախցիկի դուռը սարքավորված է էլեկտրական շարժակով և կարող է կառավարվել անհպում տեխնոլոգիայի օգնությամբ:
Քրոսովերը շուկա կհանվի չորս տարբեր շարժիչներով՝ երեք բենզինային և մեկ դիզելային: Բազային տարբերակը 150 ձ.ուժ հզորությամբ 1.5 լիտր ծավալով TFSI բենզինային շարժիչն է, որը սարքավորված է գլանների կեսի անջատման համակարգով, ինչն ապահովում է լրացուցիչ արդյունավետություն ցածր ծանրաբեռնվածությունների ժամանակ: Երկու լիտրանոց բենզինային շարժիչները համապատասխանաբար զարգացնում են 190 և 230 ձ.ուժ հզորություն: Դիզելային շարժիչը, որը նույնպես ունի 2.0 լիտր ծավալ, ապահովում է 150 ձ.ուժ հզորություն: Բոլոր մոդիֆիկացիաներն էլ, բացառությամբ բազայինի, սարքավորվում են լիաքարշ համակարգով և կրկնակի կցորդիչով յոթաստիճան ռոբոտացված փոխանցումատուփով:
Ամբողջությամբ՝ autoplus.am