Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանվորումն արդեն ընկալվում է որպես քաղաքական հետապնդում նաև միջազգային հարթակներում: ԱՄՆ֊ի պետդեպարտամենտի հայտարարությանը հաջորդեց Ռուսաստանի արտգործ նախարար Լավրովի խիստ հայտարարությունը. «Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին»:
Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին հուլիսի 27֊ին դատարանի որոշմամբ, նա մեղադրվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածով․ մեղադրվում է 2008 թվի նախագահական ընտրություններից հետո իր գործողությունների համար։
2008 թվի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալներով 52, 82 տոկոսով առաջին տեղը զբաղեցրեց Սերժ Սարգսյանը, իսկ 21, 5 տոկոսով Լևոն Տեր֊Պետրոսայնը, սակայն Տեր֊Պետրոսյանը չընդունեց արդյունքները, և իրեն հռչակեց հաղթած նախագահ, մի քանի օր շարունակվող ցույցերը հանգեցրին մարտի մեկյան բախումներին, այդ օրը առավոտյան ոստկանությունը բռնությամբ ցրեց Օպերայի հրապարակի ցուցարաներին, որից հետո Տեր-Պետրոսյանի կողմակիցները հավաքվեցին Մյանսիկյանի արձանի մոտ, բարիկադներ կառուցեցին, իսկ երեկոյան սկսվեց բախումը ոստիկանության հետ, որի ժամանակ զոհվեց 10հոգի, որոնցից 2 ը ոստիկան, եղան 100ավոր վիրավորներ։
300.1 հոդվածը քրեական օրենսգրքի մեջ է մտցվել 2009 թվին, սակայն նա մեղադրվում է մեկ տարի առաջ հետո առաջացած իրավիճակի համար։ Փաստաբանները դեռ չեն բացատրել թե արդյոք այս հոդվածը հետադարձ ուժ ունի, բայց դեռ 2008֊ին ընդդիմությունը, որի շարքերում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրում էին Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեջ, հենց այս նույն հոդվածի խոսքերով։
Սովետական միության փլուզումից հետո, Հայաստանի անկախության 28 տարիների ընթացքում գուցե առաջին անգամ է Մոսկվան պաշտոնապես քննադատում Հայաստանը։
Արդեն հստակ է, որ Ռոբերտ Քոչարյանի ու նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ու Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը իրավականորեն փուչիկ է, հիմնված է 2009֊ին ՀԱԿ֊ի հայտնաբերած պաշտպանության նախարարի 0038 հրամանի վրա, որով բանակը բերվում է զորանոցային վիճակի: 10 տարի այդ հրամանը ՀԱԿ֊ը ճոճում էր որպես մեղադրանք, թե 2008֊ի փետրվարի 23֊ի հրամանը կապված է մի շաբաթ անց մարտի մեկի ողբերգության հետ։ Կապ կա՞ արդյոք. Քոչարյանը ասում է, թե բանակը զորանոցային վիճակի է բերվել, քանի որ Լևոն Տեր֊Պետրոսյանը այն ուզում էր ներգրավել քաղաքական գործընթացի մեջ։ Իրոք, կան փետրվարի 21-ի հանրահավաքի կադրերը, ուր ԼՏՊ֊ն ասում է, որ հանդիպել է ՊՆ փոխնախարար գեներալ Մանվել Գրիգորյանի հետ և որ Գրիգորյանն ու մյուս Պաշտպանության փոխնախարար գեներալ Գագիկ Մելքոնյանը միանալու են իրենց, ու իր կոչով ցուցարաները վանկարկում են Մանվել, Մանվել, ապա Գագիկ-Գագիկ։ ՀԱԿ֊ն էլ ասում է՝ չէ, հրամանը տրվել է, որ իրենց ճնշեն։ Քաղաքական բանավեճի թեմա է, բայց քրեական գործերը ապացույցների հիման վրա են հարուցվում, և ոչ թե բանավիճող կողմերից մեկի քմահաճույքով, ինչ է թե հիմա էլ նրա ձեռքն է իշխանությունը։
Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության, քաղաքական մեղադրանքը մտցնում է իրավականի մեջ, չի մտնում, զոռով է մտցնում, էլի չի մտնում: Քաղաքացիական հասարակությունը ոգևորված ծափահարում է այս ճխտոցը։
Ռոբերտ Քոչարյանին՝ նախագահի կարգավիճակ ունեցող մարդուն բռնելու համար կա՛մ մեղադրանքները իրավաբանորեն հաստատված պիտի լինեն, որ բռնելու տեղ չլինի, կա՛մ երկիրը էնպիսի բռնապետություն պետք է լինի, որ բռնեն, ու հետո ոչ ոք չհամարձակվի խոսել։ Երկու դեպքն էլ չկա։ Կա միայն մասսայական ժողովրդական անմնացորդ աջակցությունը, որն էլ օգտագործում է Փաշինանը հին հաշիվները մաքրելու համար։
Բայց դա երկար չի օգնի, եթե չկան հիմքեր, ուրեմն, Քոչարյանը այս գործից մաքուր դուրս կգա ու այլևս կփակվի նրա դեմ կոռուպցիայի կամ որևէ այլ հանցանքի հետ կապված քրեական գործ հարուցելու ճանապարհը, քանի որ ցանկացած գործ արդեն կմեկնաբանվի որպես քաղաքական հալածանք։
Հեղափոխությունը նաև այն համոզմունքն էր բերել, որ այլևս նախկին քաղաքական գործիչների ժամանակն անցել է, ու էլ երբեք նրանք չեն վերադառնա քաղաքականություն։ Իսկ այժմ վերջացավ, Քոչարյանը քաղաքականության մեջ է, Փաշինյանը նրան կանխելու ոչ մի ձև չունի՝ ազատի բանտից, թե չազատի, միևնույնն է։
Նիկոլ Փաշինյանի անզուսպ վենդետան հանգեցրեց նրան, որ.
1.֊ին. Քաղաքականություն վերադարձրեց Ռոբերտ Քոչարյանին ու նրա հետ նաև նախկին գործիչների, և եթե որոշ ժամանակ անց նա իշխանության գալու լուրջ հայտ ներկայացնի, փնտրեք մեղավորին նոր իշխանության մեջ։ Իսկ եթե որևէ մեկը դա անհնար է համարում, ապա մոլորության մեջ է. Լևոն Տեր֊Պետրոսյանին ամբողջ Հայաստանը ատում էր, սակայն հրաժարականից 10տարի անց ինչ-որ տեղից փող դրվեց, նա վերադարձավ ու հսկա բազմություն տարավ իր հետևից։ Իսկ եթե ճիշտ են այն լուրերը, թե Քոչարյանը շատ հարուստ է, ապա նա ու նրա շնորհիվ հարստացած շատ գործարարներ, փողեր դնելով և ստեղծելով լայն քաղաքական աջակցություն, դեպի իշխանություն ճամփա կբացեն։
2-րդ. Հայ-ռուսական հարաբերությունները վատացրեց, Ռուսաստանի ստեղծած ՀԱՊԿ֊ը ստորացրեց աշխարհի առաջ՝ նրա քարտուղար Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելով։ Մոսկվայում չեն հասկանու՞մ, որ իշխանության գալուց առաջ Նիկոլը, երբ ասում էր վենդետա չեմ անելու հենց մարտի մեկը նկատի ուներ, բա էլ ի՞նչ, ինքը նստել էր, ու անձնական վրեժ ուներ, կոռուպցիայի դեմ պայքարը վենդետա չի, դա կառավարության պարտականությունն է։ Մոսկվայում հայ ակտիվիստների խելքին չեն, որ Նիկոլի ու ՀԱԿ֊ի ձևակերպումներին խաբվեն, աչքների առաջ տեսնում են, որ քաղաքական հաշվեհարդար են անում էն մարդկանց նկատմամբ, որոնց հետ պաշտոնական ու գործնական կապեր ունեն։
Իսկ հակառուս գործիչները հրճվանքի մեջ են Ռուսաստանի բացասական արձագանքից, ուրախ֊ուրախ ասում են, թե Հայաստանի ինքնիշխանության մակարդակը բարձրացել է, կամ էլ բռունցք են թափահարում: Անպատասխանատու հրճվանք սեփական հայրենիքի ու նրա միլիոնավոր բնակիչների նկատամբ, երկու հարևանների հետ հակամարտության մեջ գտնվող երկրի դեմ լարել մի ուրիշ հզոր տերություն, որից կախված է և՛ տնտեսությունը, և՛ անվտանգությունը։
Ամբողջությամբ՝ inknagir.org կայքում: