Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվեց նկարչուհի, բանաստեղծ Ռուբինա Տեր-Բարսեղյանի «Մեր երգեցիկ այբուբենը» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է Լեզվի կոմիտեի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի համատեղ ջանքերով:
Ցուցահանդեսը քարոզչական նպատակներ ունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: «Կարևոր է, որ համացանցում մարդիկ օգտագործեն հայերեն տառերը: Այլ տառերով գրելը ազգային ինքնության դեմ ուղղված քայլ է: Եթե մեկը սիրի հայերենը, այլևս չի կարողանա այլ կերպ գրել»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:
Նրա հավաստմամբ՝ ցուցահանդեսի նպատակներից է նաև դպրոցական երեխաների իրազեկումը: «Թող երեխաները գան, տեսնեն, շոշափեն ու մտածեն մեր տառերի, վերջիններիս գույների, ժայռապատկերների խորհրդի, թաքնված դետալների և այլնի մասին: Մենք չգիտենք, թե այդ երեխաները հետագայում ինչով կզբաղվեն, բայց ցուցահանդեսն ինչ-որ հետք կթողնի»,- ընդգծեց նա:
Նկարչուհին սկսել է ստեղծագործել Գերմանիայում, երբ զգացել է, որ մթնոլորտում հայերեն չկա: «Ես դուրս էի գալիս փողոց ու հայերեն չէի լսում: Կարոտս առնելու համար սկսեցի պատկերել տառերը: Հետաքրքրվեցի ու տեսա, որ մեր այբուբենի պատմությունը հասնում է ժայռապատկերներին ու սկսեցի նրանց ժայռապատկերների տեսքով նկարել»,- նշեց Ռուբինա Տեր-Բարսեղյանը:
Նա կարևորում է, որ մարդիկ շոշափեն ու զգան հայկական այբուբենի յուրաքանչյուր դետալը: Նկարչուհու խոսքով՝ ստեղծագործելիս հիմնականում պատկերում է երկու թռչուն: «Ես իմ գործերում ընդհանրապես երկու թռչուն եմ նկարում: Դրանք ինձ համար հավերժության ու ընտանիքի խորհրդանիշներն են»,- հավելեց արվեստագետը:
Միջոցառմանը ներկա էր նաև «Տաղարան» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Սեդրակ Երկանյանը, ով իր խոսքում նշեց, որ անգամ մի տառի սխալ օգտագործումը հայրենիքից մի մասնիկ է խլում: «Դեռևս հին ժամանակներում մեր դասական ուղղագրությունը երգելու վարպետության կանոններ է մշակել: Այդ իսկ պատճառով երաժշտության մեջ ավելի է կարևորվում ճիշտ տառի ու բառի ընտրությունը»,- նշեց նա:
Ռուբինա Տեր-Բարսեղյանը ծնվել է Իրանի Ահվազ քաղաքում, մեծացել հայաշունչ Նոր Ջուղայում, որտեղ 4 տարի սովորել է հայկական դպրոցում: Ապա տեղափոխվել է Հնդկաստան, տարիներ անց վերադարձել Իրան, Թեհրան, որտեղ աշխատել է, ընտանիք կազմել: 1989 թվականին տեղափոխվել է Գերմանիա, Հայդելբերգ: 2005-ից Ռուբինան, նկարչի կրթություն չունենալով, սկսել է նկարել հայկական այբուբենի տառերը:
Ցուցահանդեսը գործելու է մինչև օգոստոսի 20-ը, բայց, ինչպես նշեց Դավիթ Գյուրջինյանը, նկարները մնալու են թանգարանում, որպեսզի դպրոցականները գան և ծանոթանան հայոց այբուբենի ինքնատիպ դրսևորումներին: