Քուվեյթահայ գործարար, հրապարակագիր Կիրակոս Գույումջյանը ողջունելի է համարում Հայաստանի զբոսաշրջության ոլորտում բարեփոխումների իրականացման ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Անդրադառնալով իր կողմից մշակված «Գնեցեք Հայաստանից» նախաձեռնությանը՝ գործարարն իր նամակում գրում է.
«Թավշյա հեղափոխությանը հաջորդող ժամանակաշրջանը լավատեսության նոր էջ է բացել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Մի քանի ամիսները բավարար էին, որպեսզի վիճակագրական տվյալները դրական ցուցանիշ արձանագրեն երկրի տարբեր բնագավառներում:
Այս իմաստով բավական հետաքրքրական էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 22-ի երեկոյան տեղի ունեցած ուղիղ կապը:
Վարչապետը լուսարձակի տակ առավ Հայաստանի տնտեսական, կրթական, մարզերը զարգացնելու կարողություններն ու ներկայացրեց լուծումները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը հետևող հայը՝ լինի Սփյուռքում, թե հայրենիքում, անմիջապես հասկանում է ընկերային արդարության վրա հենված պետություն կառուցելու նրա վճռականությունը: Վարչապետի անկեղծ, անշահախնդիր մոտեցումները, առաջարկները, սրտաբաց հայտարարությունները ոչ միայն հուսադրիչ են, այլև հայրենիքը միասնաբար կառուցելու հրավեր:
Անդրադառնալով բարգավաճ տնտեսություն ստեղծելու կարողություններին՝ վարչապետը ներկայացրեց զանազան նախաձեռնություններ: Բոլորը գնահատելի են: Ողջունելի զուգադիպությամբ Հայաստան այցելող զբոսաշրջիկների պարագայում վարչապետն անդրադարձավ Հայաստանի մեջ նրանց կեցության հարցին, ինչպես նաև վերադարձի համար գնումները Հայաստանից կատարելու նախաձեռնությանը: Այս ծրագիրը մեկ ամիս առաջ ներկայացրել էի Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին, ում հավանությունը ստանալով, Քուվեյթ վերադառնալուց հետո մշակեցի կոչ՝ ընտրելով «Գնեցեք Հայաստանից» (Shop in Armenia) կարգախոսը: Դիմեցի համայն հայությանը, Հայաստան այցելող բոլոր սփյուռքահայերին՝ խնդրելով Հայաստանից կատարել իրենց կեցության գնումները: Նախաձեռնությունս դրական արձագանք գտավ սփյուռքահայ և հայրենական մամուլում: Սփյուռքի և հայրենական օրաթերթերը, շաբաթաթերթերը, լրատվական կայքերն անմիջապես ընդառաջեցին «Գնեցեք Հայաստանից» նախաձեռնությանը:
Կարծում եմ աներկբա է, որ գաղափարի իրականացումը մեծապես նպաստելու է վճարային հաշվեկշռի դրական դինամիկային, քանզի ապահովելու է արտարժույթի նշանակալի մուտք Հայաստանի տնտեսություն: Սա կնպաստի նաև տնտեսության և տնտեսական ակտիվության աճին, հետևաբար և ՀՆԱ-ի առավել բարձր ցուցանիշների արձանագրմանը:
Վերոհիշյալ առաջարկությանս մասին վարչապետի նախանձախնդրությանն ականատես դառնալով, իբրև հայ և հայրենիքի վերելքով ապրող անհատ, հպարտ և շնորհակալ եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժևորում է գաղափարը և հանդես գալիս միևնույն նախաձեռնությամբ: Փաստորեն, ընդունել էր առաջարկս:
Այս տողերը գրում եմ ոչ թե այն հավակնությամբ, որ նախաձեռնությունը ընդունվել է վարչապետի կողմից, այլ իբրև հայրենիքի շահերը փնտրող և պահպանող հայ անհատ: Միևնույն ժամանակ համոզված եմ, որ քանի-քանի սփյուռքահայեր գործնական առաջարկներով և օրինակով կարող են իրենց բարոյական և նյութական օժանդակությունը բերել Հայաստանին և Արցախին:
Կիրակոս Գույումջյան
Քուվեյթահայ գործարար, հրապարակագիր»: