70 տարեկանից հետո նորմալ սեքսուալ կյանքի ավելի մեծ հավանականություն ունեն այն տղամարդիկ, որոնք օգտագործում են միջերկրածովյան սննդակարգը, քանի որ դրա մեջ մտնող ձիթապտղի յուղը, բանջարեղենը, մրգերը, ձկնեղենը և լոբազգիները իմպոտենցիայի վտանգը 40 տոկոսով նվազեցնում են:
Այս մասին են վկայում հետազոտության արդյունքները, որը ներկայացվել է Մյունխենում կայացած Սրտաբանների եվրոպական միության գիտաժողովում:
Ինչպես շեշտում են գիտնականները, միջին տարիքում առողջ սննդակարգը կարող է 60-70 տարեկանից հետո ակտիվ ինտիմ կյանքին նպաստել առանց այնպիսի դեղերի կիրառման, ինչպիսին, օրինակ, վիագրան է:
Այսպես՝ Աթենքի համալսարանի գիտնականները կարծում են, որ բանալին հենց ձիթապտղի յուղն է: Նրանց խոսքով՝ այն տղամարդիկ, որոնք շաբաթական օգտագործում են ոչ պակաս, քան 9 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, զգալիորեն հազվադեպ են տառապում էրեկտիլ դիսֆունկցիայով:
Մասնագետները նման եզրակացություն են կատարել՝ վերլուծելով հունական կղզիներից մեկում բնակվող ուժեղ սեռի 670 ներկայացուցիչների, որոնց միջին տարիքը կազմել է 67 տարեկանը: Ձիթապտղի յուղից բացի, տղամարդիկ օգտագործել են նաև շաբաթական 13 չափաբաժին բանջարեղեն, 6 չափաբաժին մրգեր, 3 չափաբաժին ձկնեղեն և լոբազգիներ:
Արդյունքում պարզվել է, որ նման սննդակարգը տղամարդկանց օգնում է պահպանել սրտի առողջությունը և մաքուր արյունատար անոթները, իսկ սա իր հերթին ապահովում է արյան նորմալ մատակարարումը աճուկի հատված, այսինքն՝ նպաստում է էրեկցիային:
Դրանից բացի, այսպիսի սնունդի հետևորդները աչքի են ընկնում արական հորմոն տեստոստերոնի բարձր մակարդակով և մաշկի տակ ճարպի ցուցանիշների նվազմամբ: Հատկապես առաջինից է կախված սեռական գրգռումը: