Դեկտեմբերի 12ն էր, այն օրերից մեկը, որն անցկացնում ես ճանապարհի վրա ու դրա հետ։ Բանդարաբասից դեպի Շիրազ 600 կիլոմետր էր, մեզ էլ զգուշացրել էին, որ այս հատվածում մեքենա բռնելը ամենադժվարն է։ Կանգնեցինք դեպի Հաջիաբադ գնացող մայրուղու վրա և ավելի քան 45 րոպե սպասեցինք մինչև եկավ մեր ճեպընթացը․ Իրանի համար սա երկար սպասել էր, քանի որ մեզ էնտեղ մի լավ երես էին տվել ստոպելու առումով։ Իրանը արտադրում է պեժոներ և իր տեղական սայպա մակնիշի մեքենաները՝ իրենց լադաները։ Սայպայի ղեկին մի ժիր-ժպտուն տղամարդ էր, ում հարցրեցինք, թե արդյոք դեպի Յազդ է գնում, մտածում էինք դեպի այդ կողմ բարձրանալ, հետո ճամփի կեսից թեքվել դեպի արևմուտք՝ դեպի Շիրազ։ Վարորդը ափսոսանքով գլուխը շարժեց, ասեց, որ ցավոք Յազդ չի գնում, այլ ուղիղ գնում է Շիրազ։ Լոտոն ջնջել ու շահել էինք։ Առաջին անգամ էր, որ նման երկար ճամփան փոքր մեքենայով կտրեցինք, այլ ոչ թե ծանրաշարժ տրանսֆորմեր-բեռնատարով։
Վարորդի անունը Ամիր էր, Շիրազից էր, ընտանիքը էնտեղ էր, բայց աշխատում էր Բանդարաբասում, անընդհատ գնում-գալիս էր, քանի որ բեռնատարների ընկերություն ուներ, իսկ ազատ ժամանակ հարսանիքներին երգում էր։ Բա գիտեք՝ ինքը սաղ կյանք ֆուռ ա քշե՞լ։ Մեքենայի մեջ սկսեց երգել, ջան իմ, ղուրբան իմ․․․մի խոսքով իրենց հարսանիքների երաժշտությունն էլ ա ահավոր։ Անկեղծացավ մեզ հետ, պատմեց, որ Իրանում վիճակը շատ է վատացել հեղափոխությունից հետո, մարդկանց վրա բազմաթիվ արգելքներ կան, հատկապես կանանց, ու միանգամից ինձ պտվվեց, թե՝ գլխաշորդ կարող ես հանել, միայն ոստիկանություն տեսնելիս՝ գցիր գլխիդ։
Քշում էինք միջարևադարձային ու չորային բնապատկերների միջով, շուրջս տափաստաններ էին ու արմավենիներ, իսկ դրանց արանքում փոքրիկ հողաշեն տնակներ։ Այս պատկերի մեջ սև գծով մի մեծ թափոր էր շարժվում։ Ամիրը պատմեց, որ այսօր իմամներից մեկի օրն են նշում, որի ընթացքում սևազգեստ կանայք քայլում էին դեպի աղոթատեղին, բարձր ձայնով հեկեկում էին ու հարվածում իրենց գլխին։ Ամիրը ծաղրում էր այս օրենքները։ Ասում էր, որ մինչև հեղափոխությունը կանայք հետևում էին իրենց, բաց էին հագնվում, իսկ հիմա իրենց երկար հագուստների տակ ավելի փնթի են, անխնամ ու տղամարդու պես մազոտ։ Խեղճ Ամիրը երևի ինչ զրկանքների միջով է հաճախ ստիպված լինում անցնել։
Կանգնեցինք մի տեղ, որտեղ ըստ Ամիրի, սարերի ջուր էր հոսում։ Հպարտ կեցվածքով մեզ ասում էր, որ աղբյուրի սառնորակ ջուր է։ Մենք էլ, դրան կարոտած, խմեցինք էդ սենյակային ջերմաստիճանի «աղբրի ջուրը»․ մտածեցի, եթե պարսկերեն իմանայի ու թեթև անտակտություն անելուց չնեղվեի, կասեի, որ հաջորդ անգամ հայաստանցիների մոտ չասի, որ սարերից հոսող քաղցրահամ ջուր ունեն։ Խնդրեց, որ միասին նկարվենք, երբ մեզնից ոչ հեռու կանգնած միրգ վաճառող երկու տղամարդիկ մեզ մոտեցան ու հարցրին Ամիրին՝ տեղացի ենք թե՞ խարեջի (օտարազգի)։ Պարզվեց՝ գռազ են եկել․ եթե օտար լինեինք, նուռ վաճառողը երեք հատ նուռ էր տալու, իսկ տեղացի լինելու դեպքում՝ երեք հատ նարինջ էինք ստանալու մյուս մրգավաճառից։ Դե, երեք հատ նուռ նվեր ստացանք, Ամիրն էլ հումոր արեց, թե որքանով են հայերը իրենց համար օտար։ Նարնջի կարոտ, սակայն, չմնացինք։ Մի փոքր քշելուց հետո նորից կանգնեցինք, որ մեր վարորդ ընկերը ծխի։ Ճամփի կողքին նարնջի ընդարձակ այգիներ էին, այգեպանն էլ ներսում միրգ էր հավաքում։ Ամիրը կանչեց ծերուկին, թե արդյո՞ք կարող ենք մի երկու հատ նարինջ քաղել իր այգուց, մարդն էլ երկուսի փոխարեն հինգ նարինջ բերեց տվեց ձեռքս, ծանոթացավ, բարին մաղթեց, Ամիրն էլ խորամանկի պես ասեց, թե բա՝ սենց բաներ անենք, որ հետ գնան Հայաստան, ասեն, որ լավն ենք։ Դրա կարիքը ամենևին չկար, քանի որ այս մշակը սրտանց բերեց-հյուրասիրեց իր այգու բարիքները։
Ամբողջությամբ՝ photopatum.wordpress.com