Եվգենյա Վիսոցկայա-Լիխալատովան հայտնի դերասան և երգիչ Վլադիմիր Վիսոցկու խորթ մայրն էր։ Ծագումով հայուհի այս կինը փոքրիկ տղայի համար փոխարինեց նրա մորն ու որոշիչ դեր խաղաց որդու ստեղծագործական ընտրության հարցում։
Եվգենյա Ստեփանի Վիսոցկայան (աղջկական ազգանունը՝ Մարտիրոսովա) ծնվել է 1918 թ. դեկտեմբերի 25-ին, Բաքվում, հայկական ընտանիքում։ Նրա ծնողներն աշխատում էին քաղաքի գործարաններից մեկում։ Երբ սկսվեց քաղաքացիական պատերազմը, Եվգենյա Վիսոցկայան տատիկի հետ միասին էվակուացվեց Աստրախան։
Երբ լրացավ աղջկա 16 տարին, նա ամուսնացավ Սերգեյ Ակոպով անվամբ մի օդաչուի հետ, սակայն վերջինս ողբերգականորեն զոհվեց Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ՝ Բեռլինի վրա առաջին թռիչքը կատարելիս։
1-2 տարի անց Մարտիրոսովան կրկին ամուսնացավ Ներքին գործերի նախարարությունում աշխատող ինժեներ Ռոստիսլավ Լիխալատովի հետ, նույնպես ողբերգականորեն զոհվեց Բաքվում ծառայողական գործուղման ժամանակ։
Հենց երկրորդ ամուսնու ազգանունն էր Եվգենյա Ստեփանովնան կրում Վիսոցկի ազգանվանը զուգահեռ՝ մինչև իր կյանքի վերջին օրը։
Վլադիմիր Վիսոցկու հայրը՝ Սեմյոն Վլադիմիրովիչը, դարձավ Եվգենյա Ստեփանովնայի երրորդ ամուսինը։ Զույգը պաշտոնապես իր ամուսնությունը գրանցեց 1946թ. վերջին, չնայած նրանց առաջին հանդիպումը կայացել էր դեռևս 1942թ.։ Այդ ժամանակ Սեմյոն Վիսոցկին ամուսնացած էր իր առաջին կնոջ՝ Նինա Սերյոգինայի հետ, ով էլ հենց ապագա լեգենդի՝ ՎլադիմիրՎիսոցկու մայրն էր։ Սակայն ծնողների հարաբերությունները լավ չէին, և այդ ժամանակ հայրը՝ Սեմյոնը, հաստատապես որոշեց ամուսնալուծվել ու ամուսնանալ Եվգենյա Լիխալատովայի հետ։
Հենց այդ ժամանակ էլ այդ դեռևս փոքր Վլադիմիրը տեղափոխվեց ամուսինների մոտ ապրելու։ Մինչ Վիսոցկի-ավագը մասնակցում էր պատերազմին, Վիսոցկի-կրտսերը 4 տարի ապրում էր իր մոր հետ։
Եվ երբ արդեն Նինա Սերյոգինան նույնպես երկրորդ անգամ ամուսնացավ, ծնողները որոշեցին, որ Վոլոդյան պետք է ապրի հոր ու «Ժենյա մայրիկի» հետ, ինչպես հետագայում անվանում էր նրան, քանի որ խորթ հոր հետ նորմալ հարաբերություններ Վլադիմիր Վիսոցկին ի սկզբանե չուներ։
Նույնը, սակայն, չի կարելի ասել խորթ մոր մասին։ Նրա հետ ջերմ հարաբերություններ ձևավորվեցին հենց ամենաառաջին օրերից։ Հենց նա պնդեց, որ որդին ստեղծագործական գործունեություն ծավալի, ու հետագայում ամեն կերպ աջակցում էր նրան, քանի որ Վլադիմիրի ծնողները կտրականապես դեմ էին դրամատիկական խմբակի նրա պարապմունքներին։
Ասում են, որ Վլադիմիր Վիսոցկին այնքան էր սիրում Ժենյա մայրիկին ու այնքան նվիրված էր նրան, որ մկրտվեց Հայ Առաքելական եկեղեցում։
«Եվգենյա Ստեփանի Վիսոցկայա-Լիխալատովան՝ իմ երկրորդ կինը, Վոլոդյայի համար երկար տարիներ իսկական մայր եղավ։ Որդիս մեզ մոտ տեղափոխվեց ապրելու 1947թ. հունվարին։ Այդ ժամանակ ես ծառայում էի Գերմանիայում, Էբերսվալդ քաղաքում։ Տանը հաճախ շաբաթներով չէի լինում, քանի որ անընդհատ դասեր էին, դաշտային պարապմունքներ… Այնպես որ, Վոլոդյայի դաստիարակությամբ գրեթե ամբողջովին զբաղվում էր Եվգենյա Ստեփանովնան։ Նրանք հենց առաջին օրվանից ընդհանուր լեզու գտան, սիրեցին միմյանց, ինչի համար ես շատ ուրախ էի։ Ինչ-որ բանում, որպես մայր, Ժենյան նրա կողմից էր։ Օրինակ, երբ տղաս ցանկացավ ունենալ հայրիկի նման կոստյում ու կոշիկներ, կինս այնքան փնտրեց, մինչև գտավ համապատասխան արհեստանոց ու վարպետին, որ իմ կոշիկների նման կոշիկներ կարողանա կարել տալ տղայի համար։ Վոլոդյան իմ ու իր կոշիկները դրեց կողք կողքի ու համեմատեց, և երբ նկատեց, որ դրանք բացարձակ նույնն են, որդուս ուրախությանը չափ չկար։ Ու ուրախ-ուրախ գնաց լուսանկարվելու»,- հարցազրույցներից մեկում պատմել է Սեմյոն Վիսոցկին։
Ժենյա մայրիկի կյանքը ողբերգական պատահարի պատճառով ընդհատվեց։ 1988թ. իրենց իսկ 9-հարկանի շենքի տանիքից ընկած սառցակտորը կտրեց նրա կյանքի թելը 70-ամյակից 2 շաբաթ առաջ։
Մինչ այդ՝ 1980թ., ամուսիններն արդեն իսկ կորցրել էին իրենց միակ որդուն՝ Վլադիմիր Վիսոցկուն։ Նրա մահը մեծ ցավ էր Սեմյոնի ու Եվգենյայի համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը