Դիլիջանից ընդամենը 3 կմ հեռավորության վրա գտնվող Ջուխտակ վանքի ներկայիս տեսքը «ցավեցնում» է յուրաքանչյուր այցելուի։
Ջուխտակը գտնվում է Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին։ Մի քանի կիլոմետր արահետով բարձրանում ես՝ անտառի միջով, ու դժվար է պատկերացնել, որ վերջում տեսնելու ես անտառի մեջ թաքնված երկու եկեղեցիները՝ անտերության մատնված։
Ջուխտակ վանքը հիմնադրվել է 11-12 դարերում, կազմված է զույգ եկեղեցիներից, այստեղ էլ ծագել է անվանումը՝ «ջուխտակ»։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 11-րդ դարում, իսկ Սուրբ Աստվածածինը։՝ 1201 թ.-ին։ Երկու եկեղեցիների շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցն իր յուրահատուկ տապանաքարերով։
Այսօր, սակայն, եկեղեցիների նախկին տեսքի մասին «հուշում» է միայն տեղադրված ցուցանակը։ Ներկայումս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը քանդված է, պատերի վրա առկա են ճաքեր։ Երկու եկեղեցիների ներսում և դրսում տեղադրված խաչքարերն ամբողջությամբ, իսկ խորաններն ու պատերը մասամբ այրված են. այցելուները մոմերը վառում են հենց դրանց վրա։ Սա էլ բավական չէ. շատերն «իրենց պարտքն են համարում» իրենց անվան առաջին տառերը գրել պատերին կամ սիրո խոստովանություն անել։ Այս համատարած վանդալիզմի դեմ էլ որևէ պայքար չկա։ Տպավորություն է, որ նույնիսկ վանդալիզմն այստեղ խրախուսվում է։
Թե ինչու որևէ պետական ուշադրություն չկա այս զույգ եկեղեցիների նկատմամբ, դժվար է ասել։ Հատկանշանակ է, որ Ջուխտակը Դիլիջան այցելողների սիրված վայրերից է։ Այստեղ մշտապես կարելի է տեսնել զբոսաշրջիկների, որոնք պարզապես ապշում են՝ տեսնելով, թե ինչ անմխիթար վիճակում են միջնադարյան այս կառույցները։